Մեդալի հավակնորդ է ընդամենը 20 շրջանավարտ
Այս տարի Երևանի հանրակրթական բոլոր դպրոցներից մեդալի հավակնորդ է ընդամենը 20 շրջանավարտ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ավագ մասնագետ Անահիտ Մելքոնյանը:
Նա նշեց, որ մեդալի թեկնածու 20 աշակերտները մեդալի կարժանանան այն դեպքում, երբ գերազանց գնահատականներ ստանան նաև ավարտական քննություններից:
Ա. Մելքոնյանը մանրամասնեց, որ մեդալի հավակնորդ են համարվում այն շրջանավարտները, ովքեր առաջին դասարանից մինչև 11-րդ դասարանն ավարտել են գերազանցությամբ:
Նա նաև հայտնեց, որ մեդալի հավակնորդների պետական ավարտական քննությունները «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից անցկացվում են կենտրոնացված կարգով՝ նախապես որոշված հաստատությունում։ «Եթե այս առարկաները մեդալակիր շրջանավարտի համար բուհ ընդունվելիս համարվում են մրցութային` նրանք քննություն են հանձնում միասնական համակարգով։ Մեդալ ստացած աշակերտները ոչ մի առավելություն չեն ունենում ընդունելության քննությունների անցկացման ժամանակ»,- ասաց նա