Ռոման Պոլանսկին մեղադրվում է ևս մեկ բռնաբարության գործով
Ամերիկյան իշխանությունները լեհ հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկուն վարկաբեկող լրացուցիչ տեղեկություններ են ստացել: Նախօրեին բրիտանացի դերասանուհի Շառլոտա Լյուիսը մեղադրել է ռեժիսորին, որ նա բռանաբերել է իրեն, երբ ինքն ընդամենը 16 տարեկան է եղել:
Հիշեցնենք, որ ռեժիսորը մեղադրվում է դեռ 1977 թվականին 13-ամյա աղջնակի բռնաբարության համար: 1978 թվականին նա փախել է ԱՄՆ-ից, որպեսզի խուսափի արդարադատությունից: Պոլանսկին ձերբակալվել էր 2009-ի սեպտեմբերի 27-ին Ցյուրիխի օդանավակայանում, ուր ժամանել էր մասնակցելու Ցյուրիխի կինոփառատոնին:
Դերասանուհին չի ներկայացրել Պոլանսկու մեղքն ապացուցող փաստեր, սակայն հայտնել է, որ ռեժիսորի դեմ մեղադրանք է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան:
Դերասանուհին նկարահանվել է Ռ. Պոլանսկու 1986 թ. «Ծովահենները» ֆիլմում: «Պոլանսկին գիտեր, որ ես ընդամենը 16 տարեկան եմ, այնուամենյանիվ, իր բնակարանում հանդիպման ժամանակ նա հարձակվեց ինձ վրա»,- պնդում է դերասանուհին:
Լյուիսի խոսքերով, ռեժիսորն օգտվել է իր անօգնական վիճակից: Իսկ այժմ նա ցանկանում է, որ արդարությունը վերականգնվի:
Նշենք, որ Ռոման Պոլանսկու փաստաբանները ստացել են ռեժիսորի դեմ առաջին գործով ցուցմունքների հրապարակման միջնորդության մերժումը: Պոլանսկին պահանջել էր գաղտնազերծել վկայությունները անչափահասի հետ իր կապի մասին, որը, ամերիկյան իշխանությունների կարծիքով, ռեժիսորին ԱՄՆ էքստրադիցիայի ենթարկելու հիմք է հանդիսանում: Լոս Անջելեսի դատարանը շարունակում է պնդել, որ շվեյցարական իշխանությունները ստացել են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Կինոռեժիսորի փաստաբանների կարծիքով, փաստաթուղթը, որը Պոլանսկու դեմ ուղղված ցուցմունք է պարունակում, պետք է ապացուցի, որ Լոս Անջելեսի ղեկավարությունը շվեյցարական դատարանին ներկայացրել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն: Իր հերթին, Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ սպասում են ամերիկյան դատարանից փաստաթղթերի ներկայացմանը, որպեսզի ընդունեն էքստրադիցիայի ենթարկելու վերաբերյալ վերջնական որոշում: