Այսօր կկայանա «Սումգայիթ, փետրվար, 1988. Սովորական Ցեղասպանություն» ֆիլմի առաջին ցուցադրությունը
Այսօր՝ ժամը 22:30-ին Հանրային հեռուստաընկերությունն առաջին անգամ կցուցադրի «Սումգայիթ, փետրվար, 1988. Սովորական Ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը: Այն նկարահանվել է «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի մաս է:
Ֆիլմը հիմնված է բացառապես փաստավավերագրական նյութերի վրա. ներկայացված են էքսկլյուզիվ տեսանյութեր, ֆոտոփաստաթղթեր, ականատեսների վկայություններ, քննության և դատական գործընթացների մասին նյութեր, որոնք ցուցադրվում են առաջին անգամ ու ոչ միայն բացահայտում են ճշմարտությունը Սումգայիթում տեղի ունեցածի մասին, այլև ապացուցում են, որ այդ իրադարձությունները կազմակերպված էին Ադրբեջանի հատուկ ծառայությունների և իշխանությունների կողմից, դրանցում հանցավոր դեր է ունեցել Խորհրդային Միության ղեկավարությունը:
Ծրագրի հեղինակներն այն անվանում են ֆիլմ-մեղադրանք՝ Ադրբեջանի կողմից 1988թ. փետրվարի 27-29-ը մարդկության դեմ իրականացված հանցագործության դեմ, հարգանքի տուրք` այդ ողբերգությունների զոհերի հիշատակին, նաև կոչ` միջազգային հանրությանը՝ ճանաչելու և դատապարտելու Սումգայիթի կազմակերպիչներին ու դահիճներին:
Սումգայիթի իրադարձությունների մասին ֆիլմը, ինչպես ողջ «Սովորական Ցեղասպանություն» շարքը նպատակ ունեն արխիվային նյութերի միջոցով ի չիք դարձնել զանգվածային կեղծարարությունները՝ ոչ վաղ անցյալի պատմության վերաբերյալ: Այս պահին պատրաստվել ու տարածվել են խտասկավառակներ, ինտերնետում տեղադրվել են ֆիլմի հայերեն, ռուսերեն տարբերակները, այժմ այն թարգմանվում է անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն:
«Սումգայիթ, փետրվար, 1988. Սովորական Ցեղասպանություն»-ն այս շարքի երկրորդ ֆիլմն է: «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնի կողմից: «Բաքու, հունվար, 1990» առաջին ֆիլմի շնորհանդեսը կայացել է այս տարվա հունվարին, այն թարգմանվել է տարբեր լեզուներով, տարածվել խտասկավառակների միջոցով, տեղադրվել ինտերնետում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան