Էրդողանը Բաքվին առաջարկելու է, որ հայկական զինուժը դուրս բերվի 7 շրջաններից 2-ից. Hurriyet
Թեհրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնելու է Ադրբեջան: Այցի օրակագում Բաքվի հետ բնական գազի գնի շուրջ ստորագրվելիք համաձայնագիրն է և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Անկարայի նոր առաջարկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը: Ըստ աղբյուրի` Էրդողանը Բաքվին առաջարկելու է համաձայնվել այն բանի հետ, որ հայկական զինուժը դուրս բերվի Ղարաբաղին հարակից 7 շրջաններից երկուսից, և բացվի հայ-ադրբեջանական սահմանը:
«Բաքուն շրջանների հանձնման հարցում համառում է, որ մոտ ժամանակներս հայկական զինուժը դուրս բերվի 5 շրջաններից: Բայց Հայաստանը տեղի չի տալիս, ինչի պատճառով էլ բանակցությունները փակուղի են մտել»,- գրում է պարբերականը` հավելելով, որ ինչքան էլ Բաքվի իշխանությունները հրապարակավ հայտնեն, թե 5+2 ձևաչափից հետքայլ չեն անի, միևնույն է, փակ դռների հետևում շարունակվում են բանակցությունները 2 շրջան հանձնելու վերաբերյալ առաջարկի շուրջ:
Ըստ թուրքական լրատվամիջոցի` այդ երկու շրջանները Քելբաջարն ու Ֆիզուլին են:
Անկարան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993-ին, երբ հայերն ազատագրեցին Քելբաջարը: Ահա թե ինչու Քելբաջարի հանձնումն այդչափ կարևոր է Անկարայի համար: Այն կարևորվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:
«Hurriyet»-ը նկատում է, որ Ադրբեջանի սպասելիքների կրճատման արդյունքում այդ երկու շրջանների հանձնումը մի կարևորություն էլ ունի. Անակարան դիվանագիտական հմտությամբ աշխատում է ապահովել շրջաններից դուրս գալու որևէ ազդանշան Հայաստանի կողմից: Դրա շնորհիվ նպաստավոր ենթահող կստեղծվի արձանագրությունները թուրքական մեջլիսում վավերացնելու և Հայաստանում առկախված գործընթացը վերսկսելու համար: Վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին` պարբերականը նշում է, որ եթե Հայաստանը կոմպրոմիսային մոտեցում չցուցաբերի այդ նոր առաջարկին, ապա Անկարան հնարավոր է կարգավորման գործընթացը տանի դեպի երկարաժամկետ սառեցում:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: