Համահայկական հաջորդ խաղերը` 2011 թ. օգոստոսի 13-21-ին
Մայիսի 15-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը մասնակցել է 2010 թ. Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի առաջին նիստին, որին ներկա էին նաև կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը և Սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` նախարար Արթուր Պետրոսյանը մասնավորապես նշեց. «Այսօր Համահայկական խաղերը ոչ միայն մեր երկրի կարևորագույն մարզական միջոցառումներից մեկն են, այլ նաև յուրահատուկ կամուրջ են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
Արդեն 5-րդ անգամ աշխարհասփյուռ հայ երիտասարդությունը միավորվելու է հայրենի հարկի տակ: Նախորդ խաղերի փորձը ցույց է տվել, որ Համահայկական խաղերը նպաստում են տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցների միավորմանը: Միջոցառումը կարևորվում է ոչ միայն երկրի ղեկավարության, այլ նաև յուրաքանչյուր հայի կողմից: Վստահորեն կարող եմ ասել, որ Համահայկական խաղերը նշանակալի ներդրում են ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում: Հայտնում եմ նաև իմ պատրաստակամությունը` աջակցելու ձեզ միջոցառման հետ կապված ցանկացած հարցում»:
Ինչպես հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի մասնակիցներն ամփոփել են նաև 2009 թ. բասկետբոլի և ֆուտբոլի Համահայկական խաղերի արդյունքները և քննարկել 2011 թ. Համահայկական խաղերի կազմակերպմանն առնչվող հարցերը: Կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը նշել է, որ երկրների աշխարհագրությունն ու մասնակիցների քանակը զգալիորեն աճել են այն ժամանակվանից ի վեր, երբ 1998 թ. առաջին անգամ տեղի ունեցան Համահայկական խաղերը:
«Առաջին խաղերին մասնակցում էին մարզիկներ 23 երկրների 64 քաղաքներից, իսկ 4-րդ խաղերին` 27 երկրների 94 քաղաքներից: Զարգանում են ոչ միայն հարաբերությունները զանազան համայնքների, այլև մասնակիցների միջև, զգացվում է նաև հաղթելու ցանկությունը»,- նշել է Արմեն Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին