Ուղևորափոխադրումներն ավելացել են
Հայաստանում ուղևորնափոխադրումներն ավելացել են: Սա են վկայում այս տարվա առաջին չորս ամիսների ամփոփ տվյալները:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանի տեղեկացմամբ, այս տարվա առաջին չորս ամիսներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ուղևորները 137283 են, իսկ ժամանածները՝ 116808:
Նկատենք, որ վիճակագրական տվյալների համաձայն յուրաքանչյուր տարի ուղևորափոխադրումների աճ է նկատվում տարվա առաջին երեք-չորս ամիսներին: Նման պատկերն օրինաչափ է յուրաքանչյուր տարվա համար: Այն կապված է արտագնա աշխատանքի մեկնողների, ինչպես նաև այլ գործոնների հետ: Իսկ տարվա չորրորդ եռամսյակում արդեն աճ է նկատվում ժամանող ուղևորների շրջանում:
2007-ին առաջին եռամսյակում մեկնած ուղևորների թիվը կազմել է 133639, իսկ տարվա վերջին եռամսյակում ժամանած ուղևորների թիվը՝ 204179: 2008-ի առաջին եռամսյակում մեկնել են՝ 153746 մարդ, չորրորդ եռամսյակում՝ ժամանել 219425: 2009-ի առաջին եռամսյակում մեկնել են 129651 մարդ, վերջին եռամսյակում ժամանել՝ 201925: