Մրցույթ` 2010-2011 ուսումնական տարում Եգիպտոսի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ` 2010-2011 ուսումնական տարում Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2 բուհական կրթաթոշակ` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար և 5 կրթաթոշակ` արաբերեն լեզվի 10-ամսյա վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բուհական կրթաթոշակի համար մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող հանրակրթական դպրոցների 2008թ. և 2009թ. շրջանավարտները, որոնք տիրապետում են անգլերեն լեզվին:
Դիմորդները պետք է ներկայացնեն. դիմում` մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը, տեղեկանք-հարցաթերթիկ, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի պատճենը` նոտարի կողմից արաբերեն կամ անգլերեն թարգմանված և ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հաստատված, ծննդյան վկայականի պատճենը` նոտարի կողմից արաբերեն կամ անգլերեն թարգմանված և ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հաստատված, տեղեկանք ՁԻԱՀ-ի և թոքայիան հիվանդությունները բացառելու վերաբերյալ` վավերացված ՀՀ առողջապահության և ՀՀ արտաքին գործերի նախարարություններում, անձնագրի պատճենը, 3x4 չափսի 8 լուսանկար, արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Արաբերեն լեզվի դասընթացների համար դիմողները պետք է ներկայացնեն նաև տեղեկանք բուհից` արաբերեն լեզվի իմացության վերաբերյալ:
Բուհական կրթաթոշակի համար դիմորդները պետք է հանձնեն քննություններ 2009 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման ընդունելության կանոններին համապատասխան` ըստ ընտրած մասնագիտության, ինչպես նաև անցնեն հարցազրույցի փուլ:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ս.թ. հունիսի 22-ը /ներառյալ/ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն: Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում հունիսի 23-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում: