Էրդողանն ու Ալիևը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով
Նախօրեին Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ «CNNTurk» լրատվականի, հայտարարել է.
«Պրն նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ առանցքային կարևորություն ունի Բարձրագույն ռազմավարական համագործակցության խորհուրդ հիմնելու մասին մեր ընդունած որոշումը»:
Նշվում է, որ Էրդողանը և Ալիևը նախ առանձնազրույց են ունեցել, ապա մեկնարկել է հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների միջև: Այնուհետև Էրդողանն ու Ալիևը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որ ժամանակ Թուրքիայի վարչապետը հայտնել է հունիսի 7-8-ը Ադրբեջանի նախագահին Անկարայում հյուրընկալելու մասին:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` Էրդողանը նշել է, որ Ալիևն իրեն իրազեկել է անհրաժեշտ տեղեկատվությամբ: Թուրքիայի վարչապետն ընդգծել է այն հանգամանքը, որ Մինսկի խմբի վերջին հանդիպման ժամանակ եռյակի առաջարկը Բաքվի կողմից դրական է ընդունվել, մինչդեռ պաշտոնական Երևանը դեռ չի տվել իր պատասխանը: Իլհամ Ալիևն էլ ցանկություն է հայտնել, որ հայկական կողմը նույնպես ընդունի Մինսկի խմբի առաջարկած մադրիդյան նորացված սկզբունքները` չնչին բացառություններով:
«Եթե Հայաստանը այդ առաջարկին դրական արձագանքի և ըստ այդմ սկսի իր զինուժը դուրս բերել «ադրբեջանական տարածքներից», Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ ունեցած բոլոր սահմանները, և տարածաշրջանում կձեռնարկվեն խաղաղությանը և անվտանգությանն ուղղված միջոցառումներ»,- ասել է Ադրբեջանի նախագահը: