ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել երկու երկրների միջև գիտական կապերի սերտացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Միխաիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին` գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել երկու երկրների միջև գիտական համագործակցության խորացմանը:
Միխաիլ Մյասնիկովիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և Բելառուսի Ակադեմիաների միջև համագործակցության ընթացքի մասին: Նա ներկայացրել է Բելառուսի Ակադեմիայի գործունեությունը և գիտության զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:
Քննարկվել են փոխշահավետ համագործակցության խորացման հեռանկարները: Առանձնակի ուշադրության են արժանացել դեղերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերական տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի և օպտիկայի ոլորտները: Փոխադարձաբար ընդգծվել է գիտության զարգացման մեջ նորարարության և գիտական նվաճումների կիրառման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է բելառուսական փորձի կիրառումը Հայաստանում: