«Թեմական դպրոցից դուրս եկան ազգային-ազատագրական շարժման գործիչներ, մյուսից` միայն սոցիալ-դեմոկրատական գործիչներ»
Առաջին հերթին պիտի հիշենք, որ լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, այլև` լեզվամտածողություն: Այսօրվա ասուլիսին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ա. Վիրաբյանը կողմ է, որ հայկական դպրոցներում խորացված իրականացվի օտար լեզուների ուսուցումը:
«Լեզուն դա կենսափիլիսոփայություն է: Լեզվով դաստիարակվում են»,-նկատեց Ա. Վիրաբյանը:
Նա, որպես պատմաբան, իր ասածն ապացուցելու նպատակով բերեց մի շարք օրինակներ:
«19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, Շուշիում կար 2 դպրոց. ռեալական դպրոց, որտեղ ուսուցումը ռուսերեն էր և թեմական դպրոց` հայերեն ուսուցմամբ: Թեմական դպրոցից դուրս եկան ազգային-ազատագրական շարժման գործիչներ, մյուսից` միայն սոցիալ-դեմոկրատական գործիչներ: Այսինքն լեզուն թողնում է մարդու դաստիարակության վրա իր ազդեցությունը: Այդ հայկական դպրոցներում պետք է խորացված ուսուցանվեն օտար լեզուները»,- նշեց Ա. Վիրաբյանը:
Նրա խոսքով, 19-րդ դարի հայտնի 2 հայկական ճեմարանները` Ներսիսիյանը և Գևորգյանը, հայերենով էին ուսուցում իրականացնում, սակայն դա չէր խանգարում, որ շրջանավարտներ կարողանային ընդունվել Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի համալսարանները: Այս դպրոցներում բավական բարձր մակարդակով ուսուցանում էին ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն:
«Բացի գրաբար, աշխարհաբար, միջին հայերենից, այս դպրոցների շրջանավարտները տիրապետում էին մի քանի օտար լեզուների` այդ թվում հին հունարենին և լատիներենին»,-ասաց Ա. Վիրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան