Աշոտյանը պնդել է. Կառավարությունը հետ չի վերցնի օտար լեզուներով դպրոցներ հիմնելու մասին օրինագծերը
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար զարմանալի էր, որ այսօր Ազգային ժողովում կառավարության հետ ավանդական հարց ու պատասխանի ժամանակ այդքան աղմուկ հանած օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներ հիմնելու մասին նախաձեռնության վերաբերյալ իրեն հարցեր չուղղվեցին:
Հիշեցնենք` խոսքը «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի մասին է, որոնց համաձայն` Հանրապետությունում թույլատրվում է հիմնել նաև օտար լեզվով ուսուցմամբ կրթական օջախներ:
«Ցավում եմ, որ այսօր Ազգային ժողովում իմ բացահայտ և ծպտյալ ընդդիմախոսները բաց թողեցին այս հրաշալի առիթը` անարգանքի սյանը գամելու «ապազգային, օտարամոլ և անկախության տակ դինամիտ դնող» իրենց կրթության և գիտության նախարարին: Ցավում եմ, որ ընդդիմախոսների ունեցած փաստարկները կամ քաղաքական կամքը բավականացնում է խոսել միայն իմ բացակայությամբ, իսկ իմ առջև նման ծանր հարցադրումներ չեն բարձրացվել: Իրոք, ափսոսում եմ», - հարց ու պատասխանից հետո Panorama.am-ի խնդրանքով մեկնաբանելով կառավարության նախաձեռնության շուրջ առաջացած աղմուկը` հայտարարեց նախարարը:
Նա, բոլոր նրանց, ովքեր թեմայի վերաբերյալ Նժդեհի խոսքերը մեջբերելով հայտարարություններ են անում, հորդորեց դրանք ամեն պատեհ կամ անպատեհ առիթով չդնել հրապարակային քննարկման:
«Նժդեհի ուսմունքը մեկ գերնպատակի մասին է` հայկական բարձրավանդակում ապահովել հայ ցեղի հարատևումը»,- նկատեց նժդեհական նախարարն ու հավելեց. «Իմ առաջարկած, մեր առաջարկած փոփոխությունը հայ ազգի զարգացման քաղաքական տեսանկյունից մոտ է Նժդեհի ուսմունքի գաղափարաբանությանը, տրամաբանությանն ու էությանը»:
Նրա խոսքերով, մինչ այժմ ընդդիմախոսների հնչեցրած բոլոր հայտարարությունները նենգափոխված են: «Օրինակ` շատերը չգիտեն, որ Նժդեհի հայտնի ասույթը` «Ավելի լավ է հայը լինի համր, քան օտարախոս», իրականում, բնօրինակում գրված է. «Ավելի լավ է հայը լինի համր, քան թրքախոս»: Այդտեսակ մանիպուլյացիաների դիմելը ուղղակի զավեշտալի է»,- նկատեց նախարարը:
Ինչ վերաբերում է օրենքի նախագծերին, ապա Աշոտյանը պնդեց, որ իրենք չեն պատրաստվում հետ վերցնել դրանք Ազգային ժողովից:
Օրինագծերը, ըստ Աշոտյանի լրամշակվելու են: «Բոլոր այն սահմանափակումները, որոնք ենթադրվում էին, որ պետք է լինեն կառավարության կարգի մեջ, որպես օրենսդրական երաշխիք` ընդգրկվելու են օրենքում` ի պատասխան հազվադեպ հնչած կոնստրուկտիվ մտահոգություններին կամ առաջարկություններին»,- պարզաբանեց նախարարը:
Որո՞նք են լինելու այդ սահմանափակումները:
Աշոտյանը թվարկեց դրանք` դպրոցների ընդհանուր թիվը չի գերազանցի 15-ը, մայրաքաղաքում դպրոցների թիվը սահմանափակ կլինի, միևնույն լեզվով դպրոցների թիվը նույնպես սահմանափակ կլինի, օրենքով կերաշխավորվի հայոց լեզվի և հայագիտական առարկաների պարտադիր դասավանդումը` հայերենով և համապատասխան ծավալով, նման տեսակի դպրոցների գործունեությունը կթույլատրվի տարրական աստիճանից բարձր դասարաններում` 5-րդ դասարանից (10-11 տարեկան-հեղ.) սկսած:
Մտավախություն ունի՞ նախարար Աշոտյանը, որ այդ դպրոցները էլիտար միջավայր կստեղծեն ու քաղքենիության արտահայտման ձև կլինեն հարցին ի պատասխան, կրթության նախարարը բացատրեց` ինչ է քաղքենիությունը. «Քաղքենիությունը վախենալն է լավ ապրանքից, լավ ծառայությունից, սիրուն և խելոք մարդուց և այլն»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան