«Եվրոպայի օր»՝ 190 դպրոցում
Ազգային Ժողովի և կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այսօր Երևանի թիվ 190 դպրոցում կազմակերպվել էր «Եվրոպայի օր» խորագրով բաց դաս: Այն վարեցին նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ-ում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Մարիա Զեհեն և ՀՀ-ում Եվրոպական Միության խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն:
Ա. Աշոտյանը, բացելով հատուկ դասը, նշեց, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ինտեգրման ճանապարհը, և եվրոպական ուղղությունը ոչ միայն մեր երկրի արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է, այլ նաև եվրոպական ընտանիքի անդամ լինելու, միաժամանակ այդ արժեքային համակարգին հաղորդակցվելու, սեփական արժեքները համամարդկային, համաեվրոպական արժեքներին զուգակցելու և Եվրոպան ավելի լավ ճանաչելու խնդիր: «Այսօրվա մեր նախաձեռնության նպատակն է աշակերտներին հարցնել` ինչպիսի՞ն են նրանք պատկերացնում Եվրոպան և հայ-եվրոպական հարաբերությունները, արդյոք մեր արժեքային համակարգը համադրելի՞ է եվրոպական արժեքների հետ և ինչպիսի՞ն է լինելու եվրոպական ինտեգրման ճանապարհը»,- ասաց նախարարը:
Նա ասաց, որ «Ինտեգրում կրթության միջոցով» կարգախոսը նախարարության կողմից առաջարկվող մոտեցումն է Եվրոպական Միության, Եվրոպա-Հայաստան հարաբերությունների հարցում: Այս համատեքստում խիստ կարևորված են երիտասարդ սերնդի մոտ ազգային գաղափարական հենքի վրա ձևավորվող ժամանակակից մոտեցումները, այն է` 21-րդ դարում, մտնելով մեծ կյանք, ապագա սերունդն իր մեջ պետք է կրի հայի ազգային ինքնությունը, ազգային արժեքները` լեզու, մշակույթ, հավատ, ընտանիք` միաժամանակ գիտակցելով, որ մեկուսի ապրելով` ոչ մի հասարակություն և պետություն զարգանալ չի կարող:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը կլինի հաջողված և շարունակական, նշեց. «Մեր ապագա սերունդը պետք է իմանա այն եվրոպական արժեքները, որոնց մենք դավանում ենք և համոզված եմ, որ գալու է մեկ օր, երբ մենք այնքան ենք ներգրավվելու այդ արժեքային համակարգում, որ այն դառնալու է կարևոր տոներից մեկը, և այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ»: