Աշոտյանը՝ ցուցարար ուսանողներին. Դռները միշտ բաց են իրականում գիտությամբ զբաղվել ցանկացողների համար
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է ՀՀ մի շարք բուհերի ուսանողների հետ, ովքեր մագիստրոսական և ասպիրանտական տեղերի բաշխման վերաբերյալ կառավարության որոշման դեմ բողոքի ցույցեր էին կազմակերպում: Նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում ուսանողները մեկ անգամ ևս արտահայտել են իրենց հիմնական մտահոգությունները, այն է` առանց տարկետման իրավունքի տեղերի նվազումը, ըստ ուսանողների, կարող է լուրջ հարված հասցնել գիտության հետագա զարգացմանը: Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարությունից:
Նախարարը ներկաներին վստահեցրեց, որ նման նախաձեռնության շարժառիթները միանգամայն կրթական են: «Երկար տարիներ գործող համակարգը չի բավարարել գիտամանկավարժական կադրերի պատրաստման և զարգացման մակարդակը. այն պետության կողմից հովանավորման ենթակա խնդիր է և միայն պետպատվերի ձևավորման միջոցով այդ խնդիրը չի լուծվում»,-նշեց նախարարը` մեկ անգամ ևս ուսանողներին տեղեկացներով, որ իրականում անվճար տեղերի քանակը չի նվազել, պակասել են առանց տարկետման իրավունքի տեղերը: Այս համատեքստում նախարարը, որպես օրինակ, բերեց Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում տարկետման իրավունքով միջպետական համաձայնագրերի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքները` նշելով, որ մնացել են բազմաթիվ թափուր տեղեր:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ կրթության հնարավորություններն այս դաշտում ամբողջությամբ բաց են, և առհասարակ զինապարտության հետ կապված խնդիր չկա: Պետպատվերի շրջանակը մնում է նույնը, և առկա ուսուցմամբ կրճատված տեղերը տեղափոխվելու են հեռակա ասպիրանտուրա. հետևաբար այդ դռները միշտ բաց են իրականում գիտությամբ զբաղվել ցանկացողների համար»,-նշեց Ա. Աշոտյանը:
Անդրադառնալով բակալավրիատի տեղերի հատկացման սկզբունքներին` նախարարը նշեց, որ տարիներ շարունակ պետական և ոչ պետական բուհերը, գործելով կողք կողքի, ունեցել են իրենց խնդիրները, մասնավորապես, ոչ պետական բուհերն օգտվել են ընդունելության հեշտացված կարգից, իսկ պետական բուհերն ունեցել են տարկետման իրավունք ընձեռելու առավելություն: Ըստ այդմ, խեղվել է մրցակցային շուկան: Այդ է պատճառը, որ հաջորդ տարի ՀՀ բոլոր բուհերում ընդունելությունը կանցկացվի միասնական ընթացակարգով` բոլորի համար ապահովելով նույն դաշտում գործելու հնարավորություն:
Նախարարը չբացառեց նաև, որ հետագայում, Բոլոնիայի գործընթացին համահունչ, համապատասխան վերահավատարմագրում անցնելուց հետո, հնարավոր է պետպատվերի տեղադրում նաև ոչ պետական բուհերում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան