Ժողովրդագիր. Պետք է ապահովել ընտանիքներում երկրորդ երեխայի ծնունդը
Ծնելիության խթանման համար նյութական խրախուսումներն այնքան էլ արդյունավետ չեն, մյուս պետություններն էլ ահռելի գումարներ են ծախսում, սակայն դա կարճաժամկետ էֆեկտ է տալիս: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Ըստ նրա, երկարաժամկետ արդյունքի հասնելու համար պետք է փոփոխվի ու բարելավվի ընդհանուր միջավայրը: Նրա համոզմամբ, առաջիկայում ծնելիության խիստ նվազում է ակնկալվում, քանի որ արդեն վերարտադրման տարիքի է հասնելու այն տարիների սերունդը, երբ քիչ երեխաներ են ծնվել: Ծնելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2001-ին, ընդամնեը 32 հազար 65 ծնունդ: Նշենք, որ 1990-ին գրանցվել է մոտ 90 հազար ծնունդ, թիվը գնալով նվազել է, գագաթնակետին հասել 2001-ին, որից հետո սկսել է աճ գրանցվել, 2009-ին այդ թիվը մոտ 44 հազար է: Սակայն Ռ. Եգանյանը չի համարում, որ դա ծնելիության մակարդակի վերականգնման սկիզբ է:
«2001-ին ունեցել ենք ամենացածր ծնելիությունը, դրանից հետո շատ փոքր տեմպերով ծնելիության աճ է գրանցվել»,-ասաց Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության ու մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Ծնելիության մակարդակի նվազման համար ուղղակի ներգործություն է ունեցել տնտեսության արմատական վերձևումը, արտադրության անկւոմը, բնակչության կենսապայմանների վատացումը, սա էլ բերեց նրան, որ նվազեց ամուսնությունների ու ծնունդների թիվը»,-ասաց Եգանյանը, նշելով, որ հենց այդ պատճառներով էր, որ բնակիչների մեծ մասը հայտնվեց արտերկրում:
Ռ. Եգանյանը խորհուրդ տվեց, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի ընտանիքներում երկրորդ երեխայի ծնունդն ապահովելու համար, քանի որ հայկական ընտանիքի մոդելը գնալով դառնում է մեկ երեխայով ընտանիքը: Նա այս առումով կարևորեց այն քաղաքականությունը, որն այսօր դեմոգրաֆիական ցուցանիշների բարելավման առումով իրականացնում է Ռուսաստանը: Նշենք, որ կառավարությունն այսօր խրախուսում է 3 և ավելի երեխաներ ունենալը, ու երրորդ երխայի ծննդյան դեպքում ընտանիքին ավելի քան 430 հազար դրամ է հատկացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան