800 շրջանավարտի ապագան` ԱԺ պատգամավորների ձեռքում
Ազգային Ժողովի հերթական նիստից առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել , որի ընթացքում նաև հայտարարություն տարածեցին պատգամավորների շրջանում: Պարզվեց, որ քաղաքացիները բողոքում են այն օրինագծի դեմ, որն այս օրերին քննարկման փուլում է գտնվում և որով նախատեսվում է փոփոխել Ոստիկանության ակադեմիայի ընդունելության կարգը:
Հայտարարությունում, մասնավորապես, նշված էր, որ շուրջ 800 շրջանավարտներ այս տարի ցանկություն ունեին ընդունելության համար դիմել Ակադեմիա: Այդ նպատակով երկար տարիներ ընդունելության համար անհրաժեշտ առարկաներն են պարապել, սակայն մեկ օրինագծով, այն էլ, փաստորեն, վերջին զանգից հաշված օրեր առաջ, շրջանավարտները տեղեկացան, որ ընդունելության կարգում փոփոխություն է նախատեսվում իրականացնել, ինչի արդյունքում նրանք կդժվարանան մասնակցել միասնական ավարտական քննություններին` այն խիստ տարբերվում է իրենց պարապած ծրագրից:
Քաղաքացիների պահանջն է օրինագիծը սառեցնել և փոփոխությունները իրականացնել հաջորդ տարի, այլապես դրանք բարդ հետևանքներ կարող են ունենալ երիտասարդների համար: