Հայաստանի սամբոյի ընտրանին Եվրոպայի առաջնությունից վերադարձավ 6 մեդալով
Մայիսի 17-ին հայրենիք վերադարձավ ՀՀ սամբոյի ընտրանին: Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, մայիսի 13-ից 16-ը Մինսկում կայացած Եվրոպայի սամբոյի առաջնությունում մեր տասը մարզիկներից վեցն արժանացան մեդալների: Արդյունքում թիմային հաշվարկով Հայաստանը 23 մասնակից երկրների շարքում գրավեց 5-րդ տեղը:
Մրցումների առաջին օրը հայ մարզիկները նվաճեցին երկու բրոնզե մեդալ: Առաջինը հաջողության հասավ կանանց 48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր միակ մարզուհին` Ռուզաննա Սարգսյանը, այնուհետև նրան պատվանդանի 3-րդ աստիճանին հաջորդեց Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):
Մարզական սամբոյի մրցումներում մայիսի 15-ին հաջող ելույթ ունեցավ 57 կգ քաշային Վահան Վարդանյանը` արժանանալով բրոնզե մեդալի:
Մարտական սամբոյի եզրափակչում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Վաչիկ Վարդանյանը ոսկե մեդալի համար մղվող մարտը տանուլ տվեց աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Ռուսլան Հասանխանովին` արժանանալով արծաթե մեդալի: Մարտական սամբոյի ոսկուն արժանացավ աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Աշոտ Դանիելյանը, ով այս տարի առաջին անգամ էր մասնակցում մարտական սամբոյի մրցումներին: Եվս մեկ բրոնզ այս մարզաձևում վաստակել է Արտակ Ծատինյանը (90 կգ):
Հիշեցնենք, որ հայ սամբիստները ևս 7 մեդալ (1 ոսկե, 1 արծաթ, 5 բրոնզ) նվաճել էին ապրիլին Հունաստանում անցկացված Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունում: Արդյունքում ունենք 13 մեդալ (2 ոսկի, 2 արծաթ, 9 բրոնզ):
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են նաև, որ աշխարհի սամբոյի պատանիների, երիտասարդների ու մեծահասակների առաջնությունները հոկտեմբերին կկայանան Թբիլիսիում, նոյեմբերին` Տաշքենդում: