«Բացարձակապես նպատակահարմար չէ Հայաստանում 12-ամյա կրթական համակարգ ունենալը»
«Բացարձակապես նպատակահարմար չէ Հայաստանում 12-ամյա կրթական համակարգ ունենալը: Մաքսիմալը պետք է լինի 11 տարի: Թեև Ռուսաստանն էլ է ստորագրում կրթության վերաբերյալ բոլոր պայմանագրերը, բայց 11 տարին ընտրեց: Մեզ համար պարզ էլ չէ, թե վերջին երկու տարում ինչ են սովորեցնելու երեխաներին, դասագիրք էլ չկա: Կոչ եմ անում այս տարի կանգնեցնել ավագ դպրոցի պրոցեսն ու վերանայել, ուսումնասիրել ու նոր անցնել այդ համակարգին»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Անդրադառնալով բուհերում պետպատվեր տեղերը կրճատելով բանակի հարցը լուծելու փաստին, նա ասաց, որ սխալ է նման ճանապարհով խնդրին լուծում տալը: «Եթե ընդունվում է պետպատվերով, ազատվում է բանակից: Այժմ կաշառքն աճելու է, քանի որ այդ գումարի մեջ պետք է մտնի և բանակից ազատվելը, և բուհ ընդունվելը, որի արդյունքում շատ արժանավոր երեխաներ, ովքեր ընդունվելու են վճարովի, չեն կարող հաճախել, քանի որ ի վիճակի չեն լինի վարձ վճարել»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանն առաջարկեց, որ բոլորը 18 տարեկանից գնան բանակ, բանակը լինի 1,5 տարի: «Այլ ճանապարհներով էլ կարող ենք խնդիրը լուծել, բայց ես չեմ ցանկանում ավելի խորանալ այս հարցի մեջ, քանի որ Հանրային խորհրդում ստեղծվելու է տարբեր ուղղություններով խնդիրն ուսումնասիրող խմբեր, որոնք ավելի մանրամասն ու խորապես կուսումնասիրեն խնդիրը»,- ասաց ՀԽ նախագահը:
Նա վերջում շեշտեց, որ ավելացնելով կոռուպցիոն ռիսկերը, կփչացնեն կրթական համակարգը, պետությունը կզրկվի ապագա գիտականներից ու ուսյալ մարդկանցից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան