Ըստ Դավութօղլուի, հայ-թուրքական կարգավորման գործընթացը չի սառեցվել
«NTV»-ի հեռուստաեթերով ելույթ ունեցած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն խոսել է օրերս միջուկային վառելիքի փոխանակման շուրջ Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի միջև Թեհրանում ստորագրված համաձայնագրի մասին: Դավութօղլուն նշել է, որ եթե չկնքվեր հիշյալ համաձայնագիրը, ապա այս շաբաթվա ընթացքում Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնություն էր լինելու: Բայց վերջին զարգացումներից հետո Թուրքիայի արտգործնախարարն անհրաժեշտ է համարել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն Իրանի հարցում զգուշավորություն հանդես բերեն:
«Առաջիկա օրերին որևէ պատժամիջոցի կիրառում հնարավոր չեմ համարում: Այս պահին պատժամիջոցների հարցի քննարկման համար ենթահող չկա»,- ասել է Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը, Դավութօղլուն անդրադարձել է նաև Անկարայի արտաքին քաղաքականության ներկայիս ընթացքին: Մասնավորապես թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ նա ասել է, որ նոր ժամանակաշրջան է սկսվել:
«21-րդ դարի թուրք-հունական հարաբերությունների վերակառուցման հիմքեր են դրվել»:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ցանկություն է հայտնել, որ Հայատանի հետ վերսկսվի սոցիալ-տնտեսական գործընթացները: Նա շեշտել է, որ ճիշտ չէ, երբ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ասում են թե այն «սառեցված» է:
«Եթե հարցին նայեինք` ասելով , թե գործընթացը սառեցվել է կամ մահացել, ապա այն երբեք չէր կարողանա առաջ շարժվել»,- ասել է Դավութօղլուն: