Վաղը Աշոտյանը կմեկնի Իրան
Մայիսի 21-26-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Նախարարությունից մանրամասնում են, որ պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ Սփյուռքի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և բուհի ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների և ԻԻՀ կրթության և դաստիարակչության նախարարների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Թեհրանի պետական, Թեհրանի «Ամիր Քյաբիբ» պոլիտեխնիկական, Թեհրանի «Ազադ» համալսարաններ, ինչպես նաև Թեհրանի հայկական դպրոցներից մեկը:
Այցի շրջանակում նախատեսվում է այցելություն Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան, Թեհրանի «Արարատ» մարզավան, Թեհրանի «Ալիք» հաստատություն, ինչպես նաև «Չհարմահալ» հայկական միություն և Թեհրանի «Հայոց ակումբ»: Նախարարը կհանդիպի նաև թեհրանահայ համայնքի և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: