Դպրոցներում այսօր վերջին դասն է. Շնորհավորել է նախարարը
Այսօր՝ «Վերջին զանգ»-ի նախօրեին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցներում վերջին դասի կապակցությամբ:
«Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ` ուսումնառության վերջին դասի կապակցությամբ:
Տոնական այս օրը հիշարժան և արտասովոր է բոլորիդ համար, որովհետև այսօր հրաժեշտ եք տալիս դպրոցին, որը մեկ տասնամյակ շարունակ ձեզ համար եղել է գիտելիքների ձեռքբերման, աշխարհի ճանաչման, ընկերական պարզ ու անաղարտ հարաբերությունների ձևավորման յուրօրինակ միջավայր: Հրաժեշտ եք տալիս այն մարդկանց, ովքեր ձեր մեջ սերմանել են ազնվություն և լավատեսություն, արժանապատիվ ապրելու կամք և հավատ վաղվա օրվա նկատմամբ:
Իմ երախտիքի խոսքերն եմ հղում նաև բոլոր մանկավարժներին, ովքեր իրենց ամենօրյա հետևողական աշխատանքով ու նվիրվածությամբ, ներողամտությամբ ու ծնողական հոգատարությամբ այսօր կրկին մի սերունդ են ուղարկում կյանք` պատգամելով` գնահատել գիտելիքն ու հավատարիմ մնալ համամարդկային և ազգային արժեքներին:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր շրջանավարտներին` վերջին դասի կապակցությամբ, մաղթում եմ ամենայն բարիք և հաջողություն, քանզի յուրաքանչյուրիս հաջողությամբ է պայմանավորված մեր ժողովրդի ու երկրի հաջողությունը»,-ասված է նախարարի խոսքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան