«Ռուսաստանը` Հայաստանի կրթական խոշոր գործընկեր»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ կրթության բնագավառում հայ-ռուսական համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա, և Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կրթական խոշոր գործընկերը:
Ա. Աշոտյանն ընդգծել է, որ անցյալ տարի ՌԴ կրթության նախարարի հետ կայացած հանդիպումն անցել է արդյունավետ և այսօր արդեն տվել իր պտուղները, մասնավորապես, նախարարն անդրադարձել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանում «Օսմանագիտություն» մասնագիտությամբ հայ երիտասարդներին կրթաթոշակ տրամադրելու փաստին` նշելով, որ տվյալ բուհը հանդիսանում է արևելագիտության ուսուցման միջազգային կենտրոններից մեկը: Անդրադառնալով Հայ-ռուսական/Սլավոնական/ համալսարանին` նախարարը նշել է.
«Եթե ձևավորման փուլում համալսարանը դիտարկվում էր որպես հայ-ռուսական կրթական համագործակցության խորհրդանիշը, ապա այսօր այն հանդիսանում է Հայաստանում գործող առաջատար, բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկը, որն ապահովում է կրթության բարձր որակ և մրցակցություն»: Նախարարը երախտագիտություն է հայտնել նաև ՀՀ կրթական ոլորտում ռուսական կողմի կատարած ներդրումների կապակցությամբ:
Մյուս հարցը, որի մասին խոսել է Ա. Աշոտյանը, վերաբերում էր միջպետական համաձայնագրով նախատեսված ՌԴ կողմից տրամադրվող կրթաթոշակների խնդրին: Նախարարը նշել է, որ այս տարի ևս դրանց մի մասը թափուր է մնացել և ընդգծել ստեղծված իրավիճակի երկու հիմնական պատճառ. խոսքը, մասնավորապես, վերաբերում է մասնագիտությունների ընտրության և բուհերի աշխարհագրական դիրքի հետ կապված խնդիրներին: Այս համատեքստում նախարարն առաջարկել է մասնագիտությունների ցանկը հաստատելուց առաջ դրանք քննարկել նաև հայկական կողմի հետ` դրանք Հայաստանի կրթական շուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Քննարկվել է նաև թափուր մնացած տեղերն այլ ուղղությամբ օգտագործելու խնդիրը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ՌԴ կառավարությունը նախատեսում է ավելացնել Ռուս-հայակական /Սլավոնական/ համալսարանին տրամադրվող բյուջետային հատկացումները, մասնավորապես, նյութատեխնիկական բազայի համալրման, լաբորատոր սարքավորումների մատակարարման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հայ-ռուսական համատեղ հանձնաժողով ձևավորելու խնդիրը` ՀՀ տարածքում ռուսական բուհերի մասնաճյուղերի գործունեությունը գնահատելու նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու թիվ 23 դպրոցի խնդրին: Նախարարը նշել է, որ օրեր առաջ հանդիպել է դպրոցի մանկավարժական և ծնողական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ և պայմանավորվածություն էր ձեռքբերվել` ներկայացված առաջարկները քննարկել ռուսական կողմի և մարզի ղեկավարության հետ: Նախարարը դեսպանին փոխանցել է կոլեկտիվի խնդրանքը` ևս մեկ տարով հետաձգել գործընթացը` մինչ Գյումրիի «Մուշ» միկրոշրջանում նոր դպրոցի կառուցման աշխատանքների ավարտը: Դեսպանը ներկայացրել է հարցի լուծման այլ տարբերակներ, որոնք նախարարը խոստացել է քննարկել Շիրակի մարզի ղեկավարության հետ:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է նաև դեսպանին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին տասներկուամյա կրթությանը, ավագ դպրոցներին, ՀՀ-ում գործող ռուսական կազմակերպություններում ուսանողների պրակտիկաների կազմակերպմանը և այլ խնդիրների: