Թուրք պատգամավոր. Հայ-թուրքական բանակցությունների սեղանին հայտնվել է նոր առաջարկ
Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխպատասխանատու Սուաթ Քընըքլըօղլուն Վաշինգտոնում հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել միառժամանակ լռություն պահպանել, քանի որ բանակցությունների սեղանին հայտնվել է քննարկաման ենթակա նոր նյութ:
«Չեմ մանրամասնի, բայց սեղանին հրաշալի մի առաջարկ կա և դա ընդունել-չընդունելը հարցը հայերից է կախված»,- ասել է Քընըքլըօղլուն ԱՄՆ-ի Մերձավոր Արևելք ինստիտուտում կազմակերպված «Թուրքիայի դրացիական քաղաքականությունը և Մերձավոր Արևելքը» խորագրով համաժողովի ժամանակ:
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի և ղարաբաղյան հարցի վերաբերյալ թուրք խորհրդարանականը նշել է, որ դրանք միմյանց սնուցող զուգահեռ գործընթացներ են: Նա կոչ է արել Ղարաբաղյան հարցը ներկայացնել ոչ թե նախապայմանի, այլ տարածաշրջանի հեռանկարի տեսանկյունից, որը և Հայաստանի, և Թուրքիայի, և Ադրբեջանի շահերցի կբխի:
Քընըքլըօղլուն հայտնել նաև, որ ինքը հայ-թուրքական արձանագրությունների բացահայտ կողմանկցներից է, չնայած դա հեշտ չէ:
Կոնֆերանսին ներկա գտնվող մի հայ հարցրել է, թե ինչու է Թուրքիան շրջափակել Հայաստանը: Քընըքլըօղլուն ի պատասխան ասել է. «Չի շրջափակել: Սահմանները փակ են, սակայն օդային սահմանը բաց է: Առևտուրը Վրաստանի տարածքով շարունակվում է: Միջժողովրդական շփումները` նույնպես»: