Օտարալեզու դպրոցները` «վերնախավային դպրոցներ». «Կտրել հասարակությանը վերնախավից և ստեղծել ժառանգական համակարգ»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ, լեզվաբանության մասնագետ Հովհաննես Զաքարյանը և տառաստեղծ Ռուբիկ Հակոբյանը(Թարումյան) հրավիրված մամուլի ասուլիսում դեմ արտահայտվեցին կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկվող օտարալեզու դպրոցների ստեղծմանը` այն համարելով վտանգավոր Հայաստանի համար: Նրանց կարծիքով, օտարալեզու դպրոցների ստեղծմամբ ժամանակի ընթացքում հայկական դպրոցներն էլ կվերծավեն օտարալեզու դպրոցների ու այդ դեպքում հայոց լեզուն «ժամանակի ընթացքվում կդասվի մեռած լեզուների թվին»:
Հայկ Բալանյանը օտարալեզու դպրոցներն անվանեց «վերնախավային դպրոցներ», որտեղ հնարավորություն կունենան սովորել միայն հարուստների երեխաները, քանի որ նախ վճարովի են լինելու, բայցի այդ` հենց հատուկ նրանց համար են ստեղծում: Ըստ նրա, այս ճանապարհով նրանք ցանկանում են կտրել հասարակությանը վերնախավից և ստեղծել ժառանգական համակարգ: «Նման դպրոցների ստեղծման նախագծի կողմնակիցները բացատրում են, թե իբր ցանկանում են բարձրացնել կրթության մակարդակը Հայաստանում, սակայն դա բերելու է նրան, որ հայոց լեզուն վերածվելու է ռամիկների լեզվի, իսկ վերնավախն էլ խոսելու է օտար լեզվով»,- ասաց նա:
Հովհաննես Զաքարյանն էլ ասաց, որ եթե ցանկանում են Հայաստանում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցներ ու բարձրացնել կրթության մակարդակը, դա ոչ թե պետք է նման դպրոցների ստեղծմամբ անել, այլ ունենալ նորմալ կրթական ծրագիր: «Մեր կրթության և գիտության նախարարությունը դա տապալել է»,- ասաց նա: Ռուբիկ Թարումյանն էլ նշեց, որ ազգի պահպանման հիմնական առանցը դա լեզուն է, «ազգը հավասար է լեզու». «Լեզուն զատում է մի ազգը մյուս ազգից»: Նա նաև համոզված է, որ միայն ռուսական դպրոցներ մուտք կգործեն Հայաստան, քանի որ Ռուսաստանի ազդեցությունը ուժեղ է տարածաշրջանում:
Բանախոսները դեմ չեն, որ Հայաստանում ուժեղացվի օտար լեզուների ուսուցումը, սակայն նրանք կարծում են, որ բոլոր ուսումնական հաստատություններում պետք է հայոց լեզուն լինի հիմքը: