«Անցել է այն փուլը, երբ նոր կրթական պաշարը ստեղծվում էր պատի թերթի միջոցով»
Օրերս գործադիրը որոշում ընդունեց դպրոցներում «Լոգո» (Logo Microworlds EX Robotics. Transformer) ծրագրի ներդրման վերաբերյալ: Ի՞նչ է այն տալու դպրոցին:
««Լոգոն» ծրագրավորման լեզու է, որը նոր չէ մեր կրթական համակարգում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) ՏՀՏ բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը: Նա նաև հավելեց, որ այն կրթական միջավայր է, որն արդեն 7-8 տարի է, ինչ «Քվանտ» վարժարանում դասավանդվում է: Ի դեպ, մինչ այս մայրաքաղաքի և մարզերի շուրջ 10 դպրոցներում այս համակարգը ներդրվել է, բոլոր ուսուցիչները վերապատրաստվել են: «Քվանտ» վարժարանի միջնորդությամբ և դրամաշնորհների շրջանականերում են կազմակերպվում ուսուցիչների վերապատրաստումները: Մ. Ավետսիյանը նշեց, որ ուսումնասիրություններից հետո` 10 դպրոցների փորձը ունենալով, այժմ «Լոգոն» ներդրվում է հանրապետության բոլոր դպրոցներում` ինֆորմատիկայի ծրագրում: Այն նաև կներառվի ուսումնական ծրագրերում` որպես օժանդակ միջոց:
ԿՏԱԿ տնօրեն Արեգ Գրիգորյանը հավելեց, որ պետք է նաև ձեռք բերվի ծրագրի իրականացման արտոնագիր, որովհետև ծրագրային միջավայրը օգտագործելու համար «Քվանտ» վարժարանը ուներ թույլատվություն, սակայն դա միայն իր համար էր, ինչպես նաև` մի քանի դպրոցներում կիրառվելու համար: Ամբողջ Հայաստանում կիրառելու համար առաջանում է արտոնագիր ձեռք բերելու հարցը, որը ևս այս ծրագրի շրջանակներում կիրականացվի: ««Լոգոն» ամբողջ աշխարհում ճանաչված կրթական ծրագիր է, այն կօգնի, որ մեր աշակերտները, ուսուցիչները ծրագրավորման հիմունքներն ավելի լավ ընկալեն, նրանց ալգորիթմական մտածողությունն ավելի զարգանա: Ուղղակի հնարավորություններն են մեծանում»,- ասաց Ա. Գրիգորյանը: Նա նկատեց, որ «Լոգոն» հնարավորություն է տալիս ավելի հեշտացնել ուսումնական գործընթացը, իրականացնել լաբորատոր փորձեր, ցուցադրական նյութեր, որոնք թե' ուսուցիչները կսերտեն, թե' աշակերտները: «Նույնիսկ աշակերտին կարելի է հանձնարարություն տալ ոչ միայն ինֆորմատիկայի դասաժամին, այլև` ֆիզիկայի, աշխարհագրության և այլն»,- մանրամասնեց Ա. Գրիգորյանը:
Ըստ Ա. Գրիգորյանի, համակարգը կնպաստի ալգորիթմական մտածողության, համակարգչային գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև` նոր տեխնոլոգիաների կիրառմանը: «Անցել է այն փուլը, երբ նոր կրթական պաշարը ստեղծվում էր պատի թերթի միջոցով: Եկել է էլեկտրոնային, թվային տեխնոլոգիաների դարը, միջոցները, մտածողությունը, գործիքները, գիտելիքներն էլ պիտի համապատասխան լինեն: Միշտ էլ պատի թերթ պատրաստելու անհրաժեշտություն կա, նյութը ցույց տալու, ներկայացնելու, գեղեցիկ ձևավորելու, բայց դրա ժամանակներն անցել են, արդեն կան ուրիշ միջոցներ»,- նշեց Ա. Գրիգորյանը:
Իսկ կառավարության որոշման համաձայն` այս ծրագիրը կֆինանսավորվի մի քանի փուլերով: Առաջին փուլում թվով 21 դպրոցներում պիլոտ ծրագրի իրականացման աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումները կկատարվեն «Քվանտ» վարժարանի և ՀՀ ԿԳ նախարարության միջոցների հաշվին: Երկրորդ փուլում ՀՀ-ի և Սփյուռքի հայկական բոլոր դպրոցների համար «Լոգո» փաթեթի արտոնագրի ձեռքբերման և տեղայնացման համար անհրաժեշտ գումարը կազմում է 315 հազար ԱՄՆ դոլար, կամ 123 մլն դրամ: Գումարը նախատեսվում է ձեռք բերել դոնոր կամզակերպություններից: Երրորդ փուլի համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրման համար անհրաժեշտ գումարներն ունեն երկու բաղադրիչ: Առաջին` 1400 ուսուցիչների վերապատրաստում 60 ժամ տևողությամբ դասընթացների շրջանակում 3 տարվա ընթացքում, որի համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի շուրջ 84 մլն դրամ: Երկրորդ բաղադրիչով 1400 դպրոցների համար խտասկավառակների պատրատումն է, որը կներառի ինստալացիոն փաթեթը և կրթական ռեսուրսների նմուշներ, ինչպես նաև` այդ դպրոցների համար ուսուցչի ձեռնարկի ստեղծում: Գումարը կկազմի 9.8 մլն դրամ: Այն ևս ձեռք կբերվի դոնոր կազմակերպություններից: