«Եվրոպայի օրվան» նվիրված համերգ՝ Երևանում
Երևանում «Եվրոպայի օրվան» նվիրված բացօթյա համերգ կանցկացվի: Ինչպես հայտնեցին «Շարմ հոլդինգ» ընկերությունից, մայիսի 22-ին, ժամը 19:00 Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա «Եվրոպայի օրվան» նվիրված բացօթյա համերգ: Համերգի մասնակիցներն են` «Կատուներ», «Bambir», «Empiray» և «Dogma» խմբերը, ինչպես նաև Սոնա Շահգելդյանը և Արամեն: Համերգը կեզրափակի դիսկոտեկը` DJ Dale-ի մասնակցությամբ:
«Եվրոպայի օրվան» և Շումանի հռչակագրի 60-ամյակին նվիրված այս համերգը ֆինանսավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, իսկ իրականացրել է «ՇԱՐՄ Հոլդինգ» ընկերությունը:
Հիշեցնենք, որ 1950 թ. մայիսի 9-ին կատարվեց առաջին քայլը Եվրոպական միության ստեղծման ուղղությամբ: Այդ օրը Փարիզում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը միջազգային մամուլին դիմեց հռչակագրով, ուր կոչ էր անում Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ երկրներին միավորել իրենց ածխի ու պողպատի արտադրությունը` որպես «եվրոպական դաշնության առաջին կոնկրետ հիմք»: Նա առաջարկում էր ստեղծել վերազգային եվրոպական կառույց, որը կտնօրիներ այն ժամանակ ռազմական ուժի հիմքը հանդիսացող ածխի ու պողպատի արտադրությունը:
1985 թվականին ԵՄ առաջնորդների Միլանում կայացած գագաթաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես «Եվրոպայի օր»: Այդ ժամանակից ի վեր, այդ օրը հաստատում է հավատարմությունը Եվրոպական միության խաղաղության և համերաշխության հիմնարար արժեքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները