Էկլերից թունավորվածները երկուշաբթի օրվանից դուրս կգրվեն
Վանաձոր քաղաքի 28 բնակիչներ, ովքեր թունավորվել էին էկլերից ու տեղափոխվել հիվանդանոց, երկուշաբթի օրվանից դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական տեսչության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը: Վերջին տվյալներով` նրանց բոլորի վիճակը կայուն է:
Վարժապետյանը նաև ասաց, որ տեսչությունը դիմել է վարչապետին` թույլտվություն ստանալու Վանաձորում էկլեր տեսակի թխվածք արտադրող երեք ընկերություններում ստուգումներ անցկացնելու համար:
Վարժապետյանի խոսքերով, այս պահին քրեկան պատասխանատվության մասին խոսելու համար դեռ վաղ է, սակայն վարչական տուգանքը կարող է հասնել 500 հազար դրամի: Նրա խոսքերով, ավելի խիստ պատժամիջոց կարող է լինել այդ ձեռնարկության փակումը:
Մասնագետը նկատեց, որ սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու պատճառ կարող է լինել կառավարության որոշումը, որով արգելվում է փոքր և միջին ձեռնարկություններում ստուգումների անցկացումը: Նկատենք, որ հիշյալ որոշումն ընդունվել էր ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում փոքր և միջին բիզնեսի խրախուսման նպատակով:
Հիշեցնենք, որ Վանաձորում արձանագրված թունավորումների դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ 2010 թ. մայիսի 15-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում «սննդային թունավորում» ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել տարբեր տարիքի` թվով 18 քաղաքացիներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ քաղաքացիները օգտագործել են «Էկլեր» տեսակի խմորեղեն` գնված Վանաձորի տարբեր խանութներից, բայց արտադրված նույն ընկերության կողմից:
Դեպքի առթիվ ոստիկանության` Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դատաբժշկական և համաճարակային համալիր փորձաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան