Է. Նալբանդյան. «Զեկույցը ձևակերպումների խառնաշփոթ է, և այն գրողը երբևէ չի եղել Ղարաբաղում»
«Զեկույցի մեջ պարունակվող ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ո'չ Մադրիդյան սկզբունքներին, ո'չ Լ’Աքվիլլայի հայտարարությանը և ո'չ էլ Մոսկվայի հռչակագրին»,- այսօր Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով նախօրեին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված թիվ 2216 բանաձևում տեղ գտած որոշ դրույթներ:
Նշենք, որ բանաձևի հեղինակը բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովն է: Բանաձևում անդրադարձ է կատարվում հարավկովկասյան սառեցված հակամարտությունների՝ նախևառաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը:
«Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ակտիվացնել բանակցային գործընթացը, հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք ուղղված են ուժով հաստատված և միջազգային օրենքներին չհամապատասխանող ստատուս քվոյի պահպանմանը։ Կողմերին նաև կոչ ենք անում զերծ մնալ 1994 թվականին հաստատված հրադադարի խախտումներից»,- ասված է ԵԽ ընդունած բանաձևում:
Այնուհետև Եվրոպական խորհրդարանը անհանգստություն է հայտնում, որ հարյուր հարզարավոր փախստականների իրավունքները շարունակում են ոտնահարված մնալ: «Այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը պահանջում է հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները։ Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»,- ասված է բանաձևում:
«Ձևակերպումների ակնհայտ խառնաշփոթ է, և, կարծեմ, պատճառներից մեկն այն է, որ զեկույցը գրողը երբևէ չի եղել Ղարաբաղում, տարածաշրջանում և չի խորհրդակցել անգամ Եվրամիության անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի ներկայացուցչի հետ: Դրա պատճառով է, որ որոշ դրույթներ հակասում են Եվրոպական միության դիրքորոշմանը, որն արտահայտված է 2009-ին Աթենքում ընդունված հայտարարության մեջ»,- ասուլիսում քննադատելով ԵԽ զեկույցը` հայտարարեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում