Հրատարակել են քիմիայի, անգլերենի և ռուսերենի թեստային առաջադրանքների ձեռնարկներ
Օրեր առաջ Հայաստանում IEP միջազգային կրթական գործընկերությունը հրատարակել է երեք առարկաների` քիմիայի, անգլերենի և ռուսերենի թեստային առաջադրանքների ձեռնարկներ: Դրանց նպատակն է օգնել հանրակրթական դպրոցի շրջանավրտներին և բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդներին`արդյունավետ նախապատրաստվել պետական ավարտական և միասնական քննություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում IEP միջազգային կրթական գործընկերության նախագահ, ԵՊԼՀ մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Նինա Տատկալոն:
Նրա խոսքերով, այս ձեռնարկը նաև հասցեագրվում է ուսուցիչներին, որոնցով կարող են աշակերտներին նախապատրաստել ավարտական քննություններին:
Երևանի պետական բժշկական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լիդա Սահակյանը, ով նաև քիմիայի թեստային առաջադրանքների ձեռնարկի հեղինակն է, նշեց, որ քիմիայի թեստերի ձեռնարկում ընդգրկված են նաև որոշ առաջադրանքների վերաբերյալ մեկնաբանություններ: «Դրանք այն առաջադրանքներ են, որոնց պատասխանելիս` դիմորդները շատ հաճախ սխալվում են»,- հավելեց նա:
Լիդա Սահակյանը նշեց, որ սույն ձեռնարկում առաջադրված թեստային առաջադրանքների բնույթն ու ոճը տարբերվում է գործող թեստային առաջադրանքներից: «Տրամաբանական հարցերը ընդգրկված են առարկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու և միօրինակ առաջադրանքներից ձերբազատվելու նպատակով»,- ասաց նա:
Նրա խոսքերով, ձեռնարկի վերջում տեղադրված են նաև թեստերի ճիշտ պատասխանները, ինչը հնարավորություն է տալիս աշակերտին` իր գիտելիքը ինքնուրույն ստուգելու:
ԵՊՀ անգլերենի ամբիոնի վարիչ, անգլերենի թեստային առաջադրանքների ձեռնարկների հեղինակ Ելենա Երզնկյանը նշեց, որ այս ձեռնարկը նպատակ ունի օգնելու դիմորդներին և շրջանավարտներին նախապատրաստվելու միասնական և ավարտական քննություններին: «Այս ձեռնարկի նպատակն է նաև օգնել ուսուցիչներին` աշակերտի գիտելիքները և կարողությունները ճիշտ և արդյունավետ գնահատելու գործում»,- հավելեց նա:
Նինա Տատկալոն հայտնեց, որ առաջիկայում նախատեսում են հրատարակել նաև ֆրանսերենի, գերմաներենի թեստային առաջադրանքների ձեռնարկներ: