Երևանում առաջին կարգի դիպլոմ է ստացել 48 աշակերտ
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընդունել է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլում առաջին կարգի դիպլոմների արժանացած 48 աշակերտների: 2009-10 թթ. ուսումնական տարվա ընթացքում օլիմպիադաներին մասնակցել է 1415 աշակերտ, որոնցից գիտելիքներով աչքի են ընկել 286-ը` արժանանալով տարբեր կարգի դիպլոմների:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` նախօրեին Երևանի քաղաքապետը դիպլոմակիր աշակերտներին մաղթեց կրթական նորանոր հաջողություններ, հիշեցրեց նրանց հետագա պատասխանատվությունը հայրենիքի և հայրենի քաղաքի հանդեպ:
Քաղաքապետը օլիմպիական դպրոցականներին նվիրեց գրքեր, հումանիտար ուղղության դիպլոմակիրներին` Հր. Մաթևոսյանի երկհատորյակը, բնագետ դպրոցականներին` հանրագիտարաններ: Առարկայական հանձնաժողովների նախագահներն արժանացան դրամական պարգևի, իսկ անձնվեր աշխատանքը գնահատվեց շնորհակալագրերով: