Գնում են, բայց թե ուր` այնքան էլ լավ չեն պատկերացնում
«Իհարկե, շատ ուրախ եմ, որ ավարտում եմ դպրոցը: Վերջապես… »,- այսպիսին էր շրջանավարտ Հասմիկի առաջին արձագանքն այն հարցին` ուրա՞խ, թե՞ տխուր եք, որ ավարտում եք դպրոցը:
«Ուրախ եմ, որ վերջապես կազատվեն ստիպողաբար սովորելու պարտադրանքից: Իհարկե, ես ցանկանում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, արդեն մի երկու տարի է պատրաստվում եմ դրա համար, բայց կարծում եմ, այնտեղ գոնե այսքան պարտադրանք չի լինի»,- շարունակեց նա:
«Ես մի քիչ տխուր եմ, քանի որ այս դպրոցում եմ անցկացրել իմ կյանքի տասը տարիները: Իսկ այսօր հրաժեշտ եմ տալիս: Այնքան էլ հեշտ չէ դա անել: Բացի այդ, դպրոցն այն վայրն է, որտեղ ես սովորել եմ` ինչպես պետք է ապրել այս կյանքում, ինչ կարելի է անել ու ինչ չի կարելի անել: Այսօր շատ են խոսում, թե փոխվել են դպրոցները: Միգուցե, ես չգիտեմ` ինչ նկատի ունեն նման կարծիք ունեցողները, բայց ես ինձ շատ լավ եմ զգացել իմ հարազատ դպրոցում»,- ասաց շրջանավարտ Գայանեն:
Իսկ Խաչիկն էլ ասաց. «Այո, ես փախել էլ եմ դասից, երկուս էլ եմ ստացել, դասատուների հետ վիճել էլ եմ, ծեծ էլ եմ կերել, բայց տխուր եմ, որ լքում եմ իմ դպրոցը: Դպրոց, որտեղ սիրահարվել եմ առաջին անգամ, դպրոց, որտեղ իմացել եմ, թե ինչ է հայերնասիրությունը, որ հայրենիքի համար պետք է պայքարել, ու նման կարևոր այլ բաներ»:
«Արդեն 30 տարուց ավելի է, ամեն տարի տասնյակ երեխաների եմ ճանապարհում, որոնք մտնում են նոր կյանք: Ոմանք դառնում են լավ մարդիկ, ինչպես քարոզում ենք այս տասը տարիների ընթացքում, ոմանք` վատ մարդիկ, որոնց համար մեկ էր, թե ինչ է իրենց ասում ուսուցչուհին: Նրանք հաճախ փողոցում տեսնում են ու չեն էլ բարեհաճում բարևել: Սակայն նրանց կողքին սովորում են այնպիսի երեխաներ, որոնց հետ ուղղակի հաճելի է աշխատել»,- ասաց ուսուցչուհի Մատիրոսյանը:
Ոմանք ուրախ են, ոմանք տխուր, ոմանք մտահոգ, իսկ ոմանք էլ հուզված` և’ աշակերտ, և’ ուսուցիչ: Շրջանավարտները հասկանում են, որ նոր կյանք են մտնում, իսկ թե ինչ պետք է լինի «այնտեղ», չգիտեն: