Էրդողանը Ալիևին խնդրել է ճանաչել Կոսովոյի անկախությունը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել: Մուսավաթ.քոմ-ին հայտնի է դարձել, որ Բաքու կատարած այցից երկու օր հետո Ալիևին զանգահարած Էրդողանը նրանից խնդրել է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին ինքը` Էրդողանը, հայտնել է այցով Անկարայում գտնվող Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի հետ հանդիպման ժամանակ: Թաչիի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարել է, որ «Կոսովոյի ճակատագիրը Թուրքիայի ճակատագիրն է, Կոսովոյի ուրախությունը թուրքերի ուրախությունն է» և հավելել, որ Բալկանյան թերակղզում Կոսովոն Թուրքիայի համար «բանալի երկիր» է և ռազմավարական նշանակություն ունի: «Այսօր ես իմ եղբայր Թաչիի հետ բանակցություններ անցկացնելով`միաժամանակ հեռախոսազրույցներ եմ ունեցել Ադրբեջանի, Քաթարի, Լիվիայի, Սիրիայի և նույնիսկ Հունաստանի ղեկավարների հետ և խնդրել նրանց ճանաչել Կոսովոյի անկախությունը: Հուսով եմ, որ այդ նախաձեռնությունը շատ մոտ ժամանակում դրական արդյունք կտա»,- ասել է էրդողանը:
Կայքը նշել է, որ Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի անցյալ շաբաթ Բաքու կատարած այցի ժամանակ Ի.Ալիևը հայտարարել է, որ Կոսովոյի` միակողմանիորեն Սերբիայից անջատվելն անօրինական և միջազգային իրավունքին հակասող քայլ է եղել: «Երևում է` Էրդողանը դրական պատասխան չի ստացել Ալիևից իր խնդրանքի դիմաց»,- եզրակացրել է Մուսավաթ.քոմ -ը: