Ավանդական երգի և պարի փառատոն` ճարտարագիտական համալսարանում
Անցել է 31 տարի այն պահից, երբ 1979թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) (ներկայումս` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) նախաձեռնությամբ անցկացվել է հանրապետությունում առաջին հայկական երգի և պարի փառատոնը, որը դարձել է ավանդույթ և անց էր կացվում նույնիսկ ծանր, մութ տարիներին: Այս մասին տեղեկացանք ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:
Փառատոնի նպատակն էր պահպանել և տարածել հայ ավանդական երգն ու պարը, բանահյուսությունը, ինչպես նաև հայտնաբերել նոր անուններ, խրախուսել նրանց` ավանդաբար սերունդներին փոխանցելու իրենց ժառանգած մշակութային արժեքները:
Անցած 31 տարիների ընթացքում փառատոնին մասնակցել են լավագույն համույթներ` ավանդական երգի ու պարի կրողներ, հարյուրավոր խմբեր և անհատ կատարողներ Հայաստանի տարբեր մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Սփյուռքից:
80-ական թվականներին փառատոնի մեկ օրը տրամադրվում էր Ղարաբաղից եկած խմբերին և անհատ կատարողներին, ովքեր լավագույնս էին ներկայացնում Ղարաբաղի մշակույթը: Պոլիտեխնիկի խմբերը ղեկավարել են այնպիսի փայլուն մասնագետներ, ինչպիսիք են հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանը և նրա դուստր Մարո Մուրադյանը: Մինչ այժմ էլ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը շարունակում է Հայրիկ և Մարո Մուրադյանների նվիրական գործը. այն է` պահպանել և սերունդներին փոխանցել հայ ազգի արմատները, մշակույթն ու արվեստը:
«Շրջանների բնակչության դժվարին ապրելակերպը քանդում է ամեն ինչ, սասանում է հայ մշակույթի արմատները և թույլ չի տալիս, որ Հայոց աշխարհում ազատ շնչի ավանդական երգն ու պարը: Իմ միակ ցանկությունն այն է, որ ազգովի կարողականք պայմաններ ստեղծել մեր արմատներից չկտրվելու համար: Այն, ինչ անում է Պոլիտեխնիկը, թող օրինակելի լինի մյուսների համար»,-ասաց ՀՊՃՀ «Սասուն» ազգագրական խմբի ղեկավար, փառատոնի ստեղծման ակունքներում կանգնած Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը:
«ԵրՊԻ-2010» փառատոնի տարվա հայտնությունն էին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի մի քանի համույթներ: 2009թ., երբ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպել էր բանահավաքչական գիտարշավ դեպի Մարտունու շրջան, որի բնակչության գերակշիռ մեծամասնությունը 1828թ. Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից գաղթած հայերի սերունդներն են, պարզվել է, որ շրջանի մի շարք գյուղերում դեռևս պահպանվում և կենցաղավարում են հայ ավանդական երգն ու պարը, ավելին` գործում են ավանդական երգի ու պարի խմբակներ: Եվ այս տարի Մարտունու շրջանի մի շարք գյուղերի` Վերին Գետաշենի, Ծովասարի, Զոլաքարի և Ձորագյուղի պարային համույթները ՀՊՃՀ դահլիճի բեմից ներկայացրել են Ալաշկերտի մշակութային գոհարները:
Ներկաների գնահատմամբ ավանդական երգի ու պարի այս փառատոնը հանդիսանում է լավագույն դպրոց և նպաստում է ազգային ինքնաճանաչմանը, հայրենասիրության և ազգային արժանապատվության զարգացմանը: