Անսպասելիին սպասելն անիմաստ է. Deep Purple-ի համերգը վաղն է
Լեգենդար Deep Purple խմբի հետ այսօր հանդիպման էին եկել ոչ միայն լրագրողները, այլև նրա մոլի երկրպագուները: «You are the best, I love you, You are fantastic…»,-այս և այլ բացականչություններով, ձեռքերի տարբեր շարժումներով, ուժգին ծափահարություններով խմբի մուտքը դիմավորեցին ներկաները: Նշենք, որ համերգի նախօրեին խումբն ասուլիսով հանդես եկավ «Արմենիա Մարրիոթ» հյուրանոցում:
Հանդիպմանը մասնակցելու համար եկել էին նաև խմբի երկրպագուներ հարևան Իրանից` ցուցապաստառներով, Deep Purple գրությամբ վերնաշապիկներով, լուսանկարչական ապարատներով:
Լուսանկարչական ապարատների մասին. ասուլիսի առաջին րոպեներից մինչև վերջին պահը լույսեր էին առկայծում, բացականչություններն էլ չէին դադարում: Խմբի հետ հանդիպման էին եկել անչափահաս երեխաներ, ընդամենը 5-6 տարեկան, ոտքերի թաթերի վրա ձգված փորձում էին քիչ հեռավորությունից տեսնել ռոքի լեգենդներին: Ասուլիսի ավարտից հետո էլ խմբի անդամները չէին կարողանում դուրս գալ սրահից, նրանցից ինքնագրեր էին խնդրում, հետները` լուսանկարվում, հարցեր տալիս:
Նշենք, որ ասուլիսին մասնակցում էին Իէն Գիլանը (վոկալ), Ռոջեր Գլովերը (բաս-կիթառ), Սթիվ Մորսը (կիթառ), Դոն Էյրին (ստեղնային գործքիներ) և Իէն Փեյսը (հարվածային գործիքներ): Նրանք ուրախ էին, անընդհատ ժպտում էին, ասացին երջանիկ են: Նախորդ համերգից ստացած միջոցները նրանք ուղղել են Գյումրու երաժշտական դպրոցը, ասացին, որ հետևում են, տեսել են առաջին նախագծերը, տպավորիչ են:
Տեղեկացնենք նաև, որ այս տարվա սեպտեմբերին կսկսվի Իէն Գիլանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի ձայնագրության DVD-ի ամաշխարհային վաճառքը: Գիլանն ասաց, որ հայկական նվագախմբից հետո հանդես է եկել այլ խմբերի հետ, համեմատություն է անցկացրել, սակայն լավագույնը հայկական ֆիլհարմոնիկն է:
«Ոչ մեկը ձեր խմբից լավը չէր, բոլորը տպավորված են, շուտով առիթ կունենանք այդ ամենը լսելու»,-ասաց նա: Նշենք, որ այդ DVD-ների վաճառքից ստացված եկամտի մի մասը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման հիմնադրամին: Հարավային Կովկասում նրանք բարեգործական ծրագրեր իրականացնում են միայն Հայաստանում: Գիլանն ասաց, որ օրական 3-4 առաջարկ է լինում բարեգործական ինչ-ինչ նախաձեռնությամբ հանդես գալու: «Ես նախընտրում եմ ուժերս ներդնել այն բանի վրա, որը գիտեմ և հնարավոր է իրականացնել»,-ասաց նա:
Հարցերը հիմնականում խմբի անելիքների ու ծրագրերի մասին էին, օրինակ հետաքրքրվեցին, թե երբ կարելի է սպասել խմբի հերթական սկավառակին: «Անսպասելիին սպասելն անիմաստ է»,-հնչեց Գիլանի պատասխանը: Իսկ երբ հարցրին, թե որն է հարվածային գործիքների գաղտնիքը, Իէն Փեյսը ի զարմանս բոլորին, ասաց, որ ինքն այդ գործիքներից այնքան էլ բան չի հասկանում ու դրանց մասին էլ գրքույկ չի պատրաստվում հրատարակել: «Դուք կզարմանաք, թե ես ինչքան բան չգիտեմ հարվածայինների մասին, կան բաներ, որ ես կարող եմ անել, ես երջանիկ եմ դրա համար, մյուսներն էլ վայելում են այն»,-ասաց Փեյսը:
Կատակում են, որ իրենց համերգների ժամանակ կախարդություն է լինում, իսկ դա նրանից է, որ կապ են հաստատում իրենց լսողների հետ: Միայն թե հիմա շատ երկրներում մասսայական ռոք սկելը դժվար է, քանի որ երիտասարդներն ուղղակի տեղ չունեն ռոք նվագելու, երգելու, լսելու համար:
Նախորդող հրապարակումներ`
«Who Cares». Գիլանի և Այոմիի խումբը` Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար
Իէն Գիլանի բարեգործական համերգների հասույթը կազմել է 18 մլն 327 հազ. դրամ
ՀՀ նախագահը՝ Իէն Գիլանին. Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք
ՀԱՅՏՆԻ ՌՈՔԵՐՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին