Ջրհեղեղի հետևանքով, Ադրբեջանում անօթևանների թիվը 100 հազարով ավելացել է
Նախօրեին, Ադրբեջանի ժամանակով 18.30-ի սահմաններում, Քուռ գետի ամբարտակը ճեղք է տվել և ջուրը շարժվել է Գաջիկաբուլի շրջանի գյուղերի ուղղությամբ: Աղետի վայր են մեկնել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը: Այս մասին տեղեկացնում է Թուրան լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ աղետի վայրում իրավիճակը շարունակում է անմխիթար մնալ: Եվ չնայած այն հանգամանքին, որ տարբեր պաշտոնյաներ վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկելի է և տուժածներին անհրաժեշտ օժանդակություն է հատկացվում՝ լրատվամիջոցները փաստում են, որ աղետից տուժած շրջանների ազգաբնակչությունն անելանելի վիճակում է:
Մասնավորապես «Բաքի խաբար» պարբերականը հաղորդում է, որ աղետի գոտում հայտնված շրջաններում, անօթևան մնացած մարդկանց թիվը 100 հազարի է հասնում: