«Երիտասարդական պալատ»-ի տեղում` ճապոնացի ճարտարապետի նախագծած ինտերկոնտինենտալ հյուրանոցային համալիրը
Այսօր հայտնի դարձավ նախկին «Երիտասարդական պալատ»-ի տեղում նոր հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հայտարարված միջազգային մրցույթի հաղթողը:
Այսպիսով` Ինտերկոնտինենտալ հյուրանոցային համալիրով միջազգային բիզնես-կենտրոնի ճարտարապետական կոնցեպցիայի մշակման վերաբերյալ բաց մրցույթի երկրորդ փուլի հաղթող ճանաչվեց ճապոնական «Արայ արքիթեքս» ընկերությունը` իր ներկայացրած համալիրի նախագծով: Նախագծի հեղինակ, ճապոնացի հայտնի ճարտարապետ Արայ Յոկազան «Երիտասարդական պալատ»-ի տեղում կկառուցի իր ներկայացրած հյուրանոցային համալիրը:
Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ճարտարապետական խմբի ղեկավար, ճարտարապետ Լևոն Վարդանյանը: Նա նշեց, որ մրցույթի եզրափակիչ փուլին ներկայացվել էր 4 աշխատանք` Ֆրանսիայից, Ավստրիայից, Ռուսաստանից ու Ճապոնիայից:
«Ներկայացրած չորս աշխատաքներն էլ ժյուրիի կողմից մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել, մասնավորապես, տեղանքի ինտեգրման, ճարտարապետական աշխատանքի որակների բավարարման տեսանկյունից»,-ասաց Լ. Վարդանյանը:
Ասուլիսին ներկա ճապոնացի ճարտարապետը նշեց, որ համալիրը բաղկացած է բնակարանային համալիրից, հյուրանոցային բաժնից, գործարար-կենտրոնից ու այլ բաժիններից: Բացի այդ, նա նշեց, որ այնպես է մտածված, որ բոլոր սենկայներն ու կառույցները նայեն դեպի հարավ, իսկ սենյակների 95 տոկոսը նայեն դեպի Արարատը:
«Կառույցն այնպես է լինելու, որ կարծես գրկում է ձեզ, գրկում է քաղաքը, գրկում է օդը: Ես ուզում էի, որ համալիրում լինի ազատ, բաց տարածք երևանցիների համար: Հյուրանոցային, բնակարանային համալիրներն ու բիզնես-կենտրոնը միանում են պիացայով կամ հրապարակով: Հիմնական ակտիվությունը հենց այդ հրապարակում է լինելու: Մոտ 2 հազար ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղի է լինելու»,-ներկայացնելով նախագիծը` ասաց ճարտարապետը:
Բացի այդ, նա ասաց, որ մտածված է նաև սեյսմակայնության հարցը:
Քանի որ Ճապոնիան նույնպես համարվում է ակտիվ սեյսմիկ գոտի, ճարտարապետը նշեց, որ հարկավոր է ամեն ինչ այդ տեսանկյունից էլ մտածել:
Համալիրի պատվիրատու, «Ավանգարդ Մոթորս» ընկերության նախագահ Էդուարդ Ավետիսյանը հիշեցրեց, որ երկրորդ փուլ անցած մասնակիցները ժամանել են Երևան, ծանոթացել տեղանքին որտեղ պետք է կառուցվի համալիրը, ապա ներկայացրել իրենց աշխատանքները:
Երեք ամիս աշխատելուց հետո մասնակիցները ներկայացրել են բոլորովին այլ աշխատանքներ:
Նա նշեց, որ սկզբում` առաջին փուլում, ընտրվել է 274 աշխատանք, որից ընտրվել է 6 լավագույն, իսկ եզրափակիչ` երկրորդ փուլին մասնակցել է միայն 4 աշխատանք:
Նրա խոսքով, հաղթող աշխատանքը ներկայցվելու է քաղաքապետարանի քաղաքաշինության հանձնաժողովում, որտեղ տրվելու են վերջնական ցուցումները, ապա սկսվելու են աշխատաքնները:
Է. Ավետիսյանը նշեց, որ նպատակ կա 3-4 տարվա ընթացքում ավարտել համալիրի շինարարությունը:
«Ներդրումային ծրագիրը կազմելու է շուրջ 200 մլն դոլար, աշխատանքըները կատարվելու են հայկական կողմի ուժերով` ընդգրկելով Հայաստանի Հանրապետության աշխատուժը: Իսկ հաղթող ճարտարապետն իր խմբի հետ միասին առաջին տեղին արժանանալու համար ստանալու է 70 հազար դոլար»,-ասաց Է. Ավետիսյանը:
Ինչպես նշեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճապոնացի ճարտարապետի նախագիծը հավանության արժանացավ առաջին հերթին այն պատճառով, որ հնարավորություն է տալիս լանդշաֆտը պահպանելու. ընտրվել էր այնպիսի կոնցեպցիա, որ պահպանվի տեղանքի բարձրությունն ու հնարավորինս կատարվի քաղաքի ու պատվիրատուի պահանջները:
Նշենք, որ մրցութային հանձնաժողովի անդամներն էին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու սեփականատեր Էդուարդ Ավետիսյանը: