Եռակողմ հանդիպում Սոչիու՞մ, թե՞ թուրքական հերթական սադրանք
Հաջորդ ամիս, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կայանան Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջև: Ռուսական «Էքսպերտ» (Эксперт) պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների թուրքական կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օգանը:
Ի պատասխան ռուս թղթակցի հարցին, թե որոնք էին Ցյուրիխյան արձանագրությունների իրականացման փաստացի ձախողման պատճառները, թուրք վերլուծաբանը մասնավորապես ասել է. «Խնդիրն այն է, որ կառավարությունը թուրքական հասարակության արձագանքը չէր հաշվարկել: Թուրքական հասարակության ներսում Ադրբեջանի դերը շատ է կարևորվում: Ուստի, եթե ղարաբաղյան հարցը չլուծվի, դժվար թե գործընթացը մեռյալ կետից շարժվի: Հավանականություն կա, որ հաջորդ ամիս, հնարավոր է, Սոչիում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կընթանան Պուտինի, Էրդողանի և Սարգսյանի միջև: Մյուս խնդիրը` ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի մոտեցումն է: Այնտեղ ուժերի մի մասը գտնում է, որ եթե փակ սահմանները հանդուրժել են 17 տարի, կարողն են ևս մի քիչ հանդուրժել: Նրանք շատ հավանական են համարում, որ Ցեղասպանության հարյուրամյակին` 2015 թվականին, Թուրքիան ստիպված կլինի ճանաչել այն»:
Դժվար է ասել, թե ինչի հիման վրա է Սինան Օգանը եռակողմ հանդիպման հնարավորություն նկատել, այն էլ` Լեռնային Ղարաբաղի հարցով: Համենայնդեպս մինչ օրս նմանօրինակ տեղեկություն ո'չ պաշտոնապես, ո'չ այլ կերպ չի հնչել: Բայց հետաքրքիր է, որ թուրք վերլուծաբանը Լեռնային Ղարաբաղի հարցով ենթադրյալ բանակցությունների մասնակիցների թվում ադրբեջանական կողմին չի հիշատակել: Երևում է` Անկարայում որոշել են այնքան լուրջ զբաղվել ղարաբաղյան հարցի կարգավորմամբ, որ Ադրբեջանի մասնակցությունը` այդ թեմայով քննարկումներին, ավելորդ են համարել (բնականաբար` պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշման պատճառով):
Իսկ եթե լուրջ, ապա միանգամայն անհեթեթ է պատկերացնել Հայաստանը, հայտարարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առկա միջնորդական մանդատի գերակայության մասին, քննարկումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներից դուրս որևէ ձևաչափով: Այնպես որ, ըստ էության, թուրքական քարոզչությունը հերթական սադրիչ տեղեկությունը շրջանառելու համար, այս անգամ էլ օգտագործում է ռուսական լրատվական հարթակները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այսօրինակ «բադիկներ» («информационная утка») շրջանառվում էին թուրքական և ադրբեջանական մամուլում: