ՍԹԱՐ . Միասին օգնենք երեխաներին
ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը վերսկսել է «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ամենամյա ակցիան: Միջոցառումը կազմակերպված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, որի նպատակն է դրամական միջոցների հավաքագրում լեյկեմիայով հիվանդ երեխաների համար: Այս մասին տեղեկացնում են ցանցի մամուլի ծառայությունից:
Դեռևս 2009-ին ՍԹԱՐ-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, լինելով կորպորատիվ քաղաքացի, որոշեց միավորել ուժերը հաճախորդների, աշխատակիցների, մատակարարների և գործընկերների հետ և կազմակերպեց ակցիա` նպատակ ունենալով աջակցել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդին»: Շնորհիվ ՍԹԱՐ առևտրային ցանցի աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների և մատակարարների 2009թ.-ին այս ֆոնդին նվիրաբերվեց 2 899 030 դրամ:
Այս տարի ակցիան մեկնարկել է մայիսի 18-ին և կշարունակվի մինչև մայիսի 31-ը: Միջոցառման ընթացքում ցանցի սուպերմարկետներում տեղադրվել են դրամական միջոցների հավաքագրման համար նախատեսված արկղեր: Հավաքված գումարը հունիսի 1-ին կտրամադրվի «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդին», որը ստեղծվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա:
«Լեյկեմիան երեխաների մոտ հանդիպող չարորակ նորագոյացությունների շարքում զբաղեցնում է առաջին տեղը: Մինչ 1980թ-ն այն համարվում էր մահացու, սակայն բուժման ծրագրերի մշակման, բարձր չափաբաժինով դեղորայքների կիրառման շնորհիվ բուժման արդյունքները անհամեմատ լավացել են: Սկսած 1990թ. մանկական բաժանմունքի բժիշկների շնորհիվ ներդրվեցին լեյկեմիայի բուժման ժամանակակից գերմանական ծրագրերը, որոնք կիրառվում են մինչ այժմ և որոնց արդյունքում ունենք բազմաթիվ առողջացած երեխաներ, ովքեր վերադարձել են իրենց առօրյա կյանքին, սովորում են, աշխատում են, ամուսնացել են և ունեն երեխաներ:
Արյան համակարգի հիվանդների երկարատև բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ են բարեկարգված, հիգիենիկ նորմերին համապատասխանող պայմաններ: Այդ պատճառով 2009թ. սեպտեմբերի 9-ին մի շարք բժիշկների և ծնողներ ջանքերով ստեղծվեց «Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամը», որի առաջին բարեկամը դարձավ ՍԹԱՐ առևտրային ցանցը: 2009թ. երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ՍԹԱՐ-ի կողմից կազմակերպված ակցիայի շնորհիվ հավաքագրված գումարները փոխանցվեց հիմնադրամին, որի շնորհիվ սկսվեց վերանորոգման աշխատանքները Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում, սակայն վերանորոգման աշխատանքների շարունակման, հիվանդասենյակների կահավորման և մնացած նպատակների իրականացման համար ֆինանսական միջոցների կարիք ունենք: Մենք ուրախ ենք, որ հիմնադրամն ունի ՍԹԱՐ-ի նման բարեկամ և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կունենա շարունակական բնույթ, ինչը կնպաստի լեյկեմիայի բուժման արդյունավետության բարձրացմանը»,- նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանը:
Բարեգործության կարևորությունը գիտակցում է ոչ միայն ՍԹԱՐ-ի ղեկավարությունը, այլ նաև` աշխատակիցները. այսօրվա դրությամբ ՍԹԱՐ-ի աշխատակազմն ակցիայի շրջանակներում արդեն հավաքել է 182 000 դրամ, սակայն գումարների հավաքագրումը դեռ շարունակվում է: Իսկ ակցիայի ավարտից հետո Ընկերությունը հաճախորդների, աշխատակիցների կողմից նվիրաբերված գումարին կավելացնի ևս 1մլն դրամ:
Այս ակցիան իրականացվում է ՍԹԱՐ առևտրային ցանցի կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում, որն իրականացնում է մի շարք ծրագրեր ինչպես մանուկների կրթության և առողջության աջակցման ոլորտում, այնպես էլ կրթության զարգացման, բնապահպանության և այլ ոլորտներում:
«Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամը»
HSBC բանկ 005-050281-101 USD
HSBC բանկ 005-050281-001 USD