Կ.Զատուլին. «ՌԴ արտգործնախարարությունը բաց թողեց լռելու հիանալի առիթը»
Լեռնային Ղարաբի խորհրդարանական ընտրությունների հաջորդ իսկ օրը Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հանդես եկավ հայտարարությամբ, որը, սակայն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը չցանկացավ մեկնաբանել:
«Ես որևէ կերպ չեմ ցանկանում մեկնաբանել մեր արտգործնախարարության հայտարարությունը… դրա համար դիվանագետները գոյություն ունեն: Բայց ես ցավում եմ, որ արտգործնախարարությունը բաց թողեց լռելու հիանալի առիթը»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:
Հիշեցնենք, որ նշված հայտարարության մեջ մասնավորապես ասված է, թե
«Մոսկվան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին, ճիշտ այնպես, ինչպես միջազգային իրավունքի մյուս բոլոր հիմնարար սկզբունքներին ու նորմերին և ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն չի ճանաչում»:
Ի դեպ, Կ.Զատուլինը նախօրեին է վերադարձել Լեռնային Ղարաբաղից, որտեղ դիտարկում էր կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունները և վերստին հնչեցրեց նախկինում արտահայտած իր այն դիրքորոշումը, որ ցանկացած ժողովուրդ, անգամ ամենափոքր, իրավունք ունի ինքնորոշվելու :