Օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունն ինչպես Կորեայի միջուկային ծրագի՞րը. Աշոտյանը պարզաբանումներ է ներկայացրել
Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսում նեղսրտեց, որ օտար լեզվով ուսուցմամբ դպրոցների բացման մասին նախաձեռնությունը այդքան մեծ աղմուկ է հանել, այն նմանեցրեց Հարավային Կորեայի միջուկային ծրագրի հետ ու քննադատեց իրեն քննադատողներին:
«Ես հարգում եմ «Լեզվի մասին օրենքը» և իմ պաշտոնական գործողությունները թելադրված են այդ օրենքով` ոչ մի պաշտոնական հանդիպման ժամանակ չեմ խոսել ռուսերեն կամ անգլերեն, թեպետ դրանց լավ տիրապետում եմ: Մի հատ հարցրեք իմ քննադատներից` քանի՞սն են կարդացել «Լեզվի մասին օրենքը»», - ասուլիսում հայտարարեց նախարար Աշոտյանը:
Հիշեցնենք` խոսքը օրենսդրական այն նախաձեռնության մասին է, որի համաձայն Հայաստանում թույլատրվում է ունենալ նաև օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներ:
Աշոտյանն ասաց, որ նախաձեռնությունն անձամբ իրենն է և նախագահ Սերժ Սարգսյանը ամենևին էլ կապ չունի այդ ամենի հետ: Նրա խոսքով, Կրթության, գիտության նախարարությունը փոփոխություններ է կատարել, ներկայացրել է կառավարությանը, որի անդամները միաձայն հավանության են արժանացրել Աշոտյանի նախաձեռնությունը:
Օրենքն այժմ շրջանառության մեջ է դրված Հայաստանի օրենսդիր մարմնում: Նախարարը ներկայացրեց օրինագծի լրամշակված տարբերակը: Ըստ այդմ` նա առաջարկում է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցների ընդամենը 1 տոկոսը պետք է լինեն օտար լեզվով ուսուցմամբ դպրոցներ: Ստացվում է` դրանք պետք է լինեն 15-ը` 8-ը Երևանում, իսկ մյուս 7-ը` Հայաստանի մարզերում:
Այդ դպրոցները ֆինանսավորվելու են ոչ պետական բյուջեից, մասնավոր ներդրումների միջոցներով ու այդ դպրոցներում երեխաները սովորելու են բացառապես միջին և ավագ դպրոցներում` 5-րդ դասարանից սկած: «Համաձայն ենք, որ տարրական կրթությունը օտար լեզվով չի կարող լինել` լեզվամտածողության, աշխարհընկալման հետ կապված խնդիրներ կան այստեղ և քննադատների այդ մտավախությունը մենք կիսում ենք` օտար լեզուն պետք է ճյուղ լինի մայրենիի ցողունի վրա», -նկատեց Աշոտյանը:
Հայագիտական առարկաների ու հայոց լեզվի դասավնդման ձևն ու ծավալը օտարալեզու դպրոցներում նույնն են լինելու, ինչպես սովորական հանրակրթական դպրոցներում ու միայն հայերենով` 35-40 տոկոս: «Հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի պատմություն ու հայ կրոնի պատմությունը նույն ծավալով մնալու են որպես հանրակրթական ծրագրի բաղկացուցիչ մաս, այդ դպրոցների քննություն հայոց լեզվից` նույն պահանջներով, նույն ծավալով», -հայտարարեց Աշոտյանը` ընդգծելով, որ այդ ամենը կարգավորվելու է օրենքով, այլ ոչ թե կառավարության կարգով:
Նա վստահեցրեց, որ օտար լեզվով դպրոցները չեն վերածվի ռուսական դպրոցների ցանցի, «ռուսական լեզվով դպրոցների վերածննդի դարաշրջան չի սկսվի» և փարատեց իրեն քննադատներին` այդպես չի լինելու և միևնույն լեզվով լինելու է 5 դպրոց: Նույնիսկ կանխատեսեց. «Ըստ ամենայնի, ամենախոշոր խաղացողները կլինեն անգլերենը, ռուսերենը, չեմ բացառում, որ այդ 15-ի մեջ կբաշխվեն նաև ֆրանսալեզու ու գերմանալեզու դպրոցներ»:
Այս բոլոր հարցերը, որոնց շուրջ մտավախություններ էին հայտնում քաղաքական-հասարակական շատ կազմակերպություններ, ներառված են ու կանոնակարգվելու են օրենքով: Մյուս բաց հարցերը կարգավորվելու են կառավարության ընդունած նորմատիվ ակտերով:
Աշոտյանը հույս ունի, որ եթե նման դպրոցներ բացվեն հնարավոր է բրիտանական դպրոցների հայտնի ցանցը մասնաճյուղ բացի նաև Հայաստանում ու նախարարը ոգևորված նշեց` ինչեր կբերի այդ դպրոցի բացումը մեր երկրին: «Նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներ, դրանց իմացություն, ժամանակին համահունչ կքայլենք», -թվարկեց նա:
Հարակից նորություն` Օտարալեզու դպրոցների շուրջ. «Կառավարությունն էդքան խելք կունենա, որ հետ կվերցնի օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան