Orange-ի աջակցությամբ ամբողջությամբ կահավորվել է Մարմաշեն գյուղի դպրոցի մարզադահլիճը
Այսօր Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցի վերանորոգված մարզադահլիճի վերաբացումը, որի մարզական գույքով վերազինումն իրականացվել է Orange-ի` երեխաներին ուղղված բարեգործական ծրագրերի շրջանակներում: Ինչպես գյուղական համայնքներին աջակցման իր մյուս ծրագրերի իրականացման համար, այս անգամ նույնպես Orange-ը ծրագիրը կյանքի է կոչել իր ռազմավարական գործընկեր «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ` դպրոցի մարզադահլիճը, որը կահավորվել է տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով, այժմ կկարողանա լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Սեպտեմբերին արդեն նոր կահավորված դահլիճը կդիմավորի դպրոցի հին և նոր աշակերտներին: Իսկ մինչ սեպտեմբեր` առաջիկա ամառվա ընթացքում, մարզական գույքի առկայությունը թույլ կտա կազմակերպել տարբեր սպորտային խմբակներ և միջոցառումներ:
«Ինչպես գիտեք, մեր բարեգործական ծրագրերում առանցքային տեղ են գրավում երեխաները և խոցելի գյուղական համայնքները: Երբ «Շեն»-ը մեզ ներկայացրեց այս դպրոցի մարզադահլիճը կահավորելու ծրագիրը, և մենք ծանոթացանք այս գյուղի մարզական պոտենցիալին, նաև իմանալով, որ գյուղը նույնպես պատրաստ է ներդրում կատարել այս ծրագրի իրականացման համար, մենք իսկապես խանդավառվեցինք այս նախագծով», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Մարմաշենը Հայաստանի այն գյուղերից մեկն է, որը կարող է հպարտանալ իր փառահեղ սպորտային անցյալով և ներկայով` ունենալով 20-ից ավելի ՀՀ և ԽՍՀՄ չեմպիոններ,100-ից ավելի ՀՀ և ԽՍՀՄ մրցանակակիրներ, 5 սպորտի վարպետ և գործող չեմպիոն:
«Մեզ համար խիստ կարևոր է այն փաստը, որ այս ծրագրի իրականացման գործում մասնակցություն է ունեցել ինչպես «Շեն» կազմակերպությունը, այնպես էլ Մարմաշենի համայնքը: Սա վառ օրինակն է այն բանի, որ միասին կարող ենք ավելին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Այս ծրագրի հաջող ընթացքը նշելու համար Orange-ը նաև յուրահատուկ անակնկալով էր ժամանել Մարմաշեն: Ընկերության ղեկավարին ուղեկցում էր նաև Orange-ի նորաստեղծ ֆուտբոլային թիմը, որն ընկերական խաղում իր ուժերը չափեց ՄարմաՇԵՆ միացյալ թիմի հետ:
Ծրագրի շրջանակներում լիովին կահավորվել և արտաքինից բարեկարգվել է դպրոցի մարզադահլիճը, որի ֆինանսավորման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4.139.000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան