« ԵԽԽՎ հերթական նիստում քննարկվելու է ևս մեկ ոչ հայանպաստ բանաձև` 1416-ը»
Հունիսի 21-25-ը Սրատսբուրգում գումարվելու է ԵԽԽՎ հերթական վեհաժողովը, որտեղ քննարկվելու է ևս մեկ ոչ հայանպաստ բանաձև` 1416-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Զ. Փոստանջյանը նշեց, որ ինչպես հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի ընդունած 2216 բանաձևում էր Հայաստանը «օկուպանտ» ներկայացված, այս բանաձևում ևս Հայաստանը համարվում է ադրբեջանական ինչ որ տարածքների «զավթիչ»:
«Մենք ԵԽԽՎ-ում ունենք 16 ելույթի իրավունք, եթե դրանցից գոնե 6 վերաբերեր, թե ինչ է զավթել Ադրբեջանի Հանրապետությունը և իրականում ինչ է տեղի ունեցել, պատմական իրողությունների վերաբերյալ ելույթներ լինեին, մի գուցե այս իրավիճակը չգրանցվեր»,-ասաց Զ. Փոստանջյանը:
Նա հավելեց, որ օրինակ Ադրբեջանը հանդիսանում է 1918թ.-ին հռչակված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, որի կազմում դեռ չէին գտնվում ո'չ Լեռնային Ղարաբաղը, ո'չ էլ Նախիջևանը: Ինչ վերաբերում է ընդունված փաստաթղթերին, ինչպես նկատեց Զ. Փոստանջյանը, թե' ԵԽ-ն, թե' ԵՄ-ն և մնացյալ եվրոպական կառույցները միացյալ են աշխատում. այս կառույցներում պտտվող փաստաթղթերը և այնտեղ գրանցվող ելույթները միմյանց հետ սերտ կապի մեջ են:
Այսպիսով, ըստ Զ. Փոստանջյանի, ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ թուրք-ադրբեջանական արշավի հաջորդ վտանգավոր հանգրվանը ԵԽԽՎ նախագահ, Թոււրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուի գործողություներն են` ուղղված ԵԽԽՎ 1446 (2005թ.) բանաձևի կենսակոչմանը. այն է` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող ենթահանձնաժողովի վերակազմավորումը: