Թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ձեռնարկ` իրավապահների համար
Այսօր պետական, ոչ կառավարական ու միջազգային կառույցներին ներկայացվեց Իրավապահ մարմինների համար թրաֆիքինգի դեմ պայքարի նոր ձեռնարկը: Այն պատրաստվել է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:
Ձեռնարկը կներկայացվի իրավապահների վերապատրաստման հաստատություններ` նրանց ուսումնական ծրագրերում ներառելու համար: Այն կօգտագործվի դատախազներին, ոստիկաններին, աշխատանքային տեսուչներին ու սահմանապահներին վերապատրաստելու համար:
Ձեռնարկի ստեղծմանն աջակցած կառույցների մասնագետները հույս հայտնեցին, որ ձեռնարկը կնպաստի շահագործման ու թրաֆիքինգի վտանգին ենթակա բազմաթիվ աշխատանքային միգրանտների պաշտպանությանն ու արժանապատիվ աշխատանքի ապահովմանը:
«Մենք կարևորում ենք հայ իրավապահների առավել համակարգված ու շարունակական վերապատրաստումը` վերջերս վերանայված հակաթրաֆիքինգային օրենսդրության արդյունավետ կիրարկման համար»,-ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան:
Նշենք, որ ձեռնարկում քննարկվում են թրաֆիքինգի քրեաիրավական բնութագիրը, միջազգային ու ազգային կարգավորումը, դրա կանխարգելումը, տուժողի բնութագիրը, նրա պաշտպանության վերաբերյալ հարցեր:
«Այսինքն, իրականացվել է համալիր մոտեցում և արդյունքում առաջարկվում են թրաֆիքինգի դեմ պայքարի որոշակի միջոցներ»,-ձեռնարկի մասին կարծիքն այսպես ձևակերպեց դրա գիտական խմբագիր Արա Երեմյանը: