«Amnesty international». Ադրբեջանում հրապարակային բողոքի ակցիաներն արգելանքի տակ են
«Amnesty international» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ իր ավանդական զեկույցը: Զեկույցում Ադրբեջանի վերաբերվող հատվածում նշվում է, որ օրենսդրությամբ՝ կտտանքների արգելման մասին դրույթը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Փաստաթղթում նշվում է, որ անկախ ԶԼՄ-ն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտացածին մեղադրանքների հիման հետապնդման են ենթարկվում: Կալանավայրում մահացած իրավապաշտպանի առնչությամբ իշխանություններն այդպես էլ հետաքննություն չանցկացրեցին:
Զեկույցում ասվում է, որ դեռևս 2009 թվականին, ՄԱԿ-ի կտտանքների դեմ կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ադրբեջանական իշխանություններն անկարող են պրակտիկայում իրագործել կտտանքների դեմ միջազգային կոնվենցիայի դրույթները:
Փաստաթղթում ամրագրված է, որ Ադրբեջանում հրապարակային բողոքի ակցիաներն արգելանքի տակ են: Նմանատիպ ակցիաների մասնակիցներն անմիջապես ոստիկանության կողմից ձերբակալվում են: Ընդ որում, ադրբեջանական իշխանություններն այս տարվա մարտ ամսին որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարեցին, ինչի արդյունքում ԶԼՄ-ի գործունեությունն առավել սահմանափակվեց:
Զեկույցում նաև նշվում է, որ ընդդիմությունն ու նրա համակիրները ոստիկանության կողմից հետապնդումներ են ենթարկվում: Անկախ լրագրողներն ու քաղաքացիական ակտիվիստները, ինչպես նախկինում՝ զրպարտության մեղադրանքով հետապնդվում են:
Փաստաթղթում նշվում է, թե հատկապես ուշագրավ է այն փաստը, որ հայտնի բլոգերներ Էմին Միլին և Ադնան Գաջիզադեն խուլիգանության մեղադրանքով ազատազրկման դատապարտվեցին և դա այն դեպքում, որ նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները շինծու էին ու նրանք այսօր անազատության մեջ են միայն այն պատճառով, որ քննադատել էին իշխանություններին:
Զեկույցում նշվում, որ հատկապես ծանր է ազատությունների ընդհանուր վիճակը Նախիջևանում, որտեղ առանց այդ էլ փոքրաթիվ լրագրողներն ու իրավապաշտպաններն անտանելի պայմաններում են գտնվում: