Օտարազգիի խնամակալությունը` օտարալեզու դասարանում ուսանելու հնար
Ինչեր ասես, որ չեն անի հայ ծնողներն իրենց երեխաների համար օտարալեզու կրթություն ապահովելու համար: Հնարներից մեկն էլ այն է, երբ ծնողը իր երեխային «հանձնում են» օտարազգի մեկի խնամակալության, որպեսզի օրենքով սահմանված կարգով նրանց թույլ տրվի ուսանել հայկական դպրոցների օտարալեզու դասարաններում, որոնք, ի դեպ, գործում են միայն օտարազգի աշակերտների համար:
Այսօր այս մասին կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Վերելք» պատմամշակութային ակումբի նախագահ Գևորգ Արզումանյանը: Նա նշեց նաև, որ հնարներից մեկն էլ այն է, երբ ծնողներից մեկը կեղծում է իր ծննդյան վկայականը, որպեսզի «դառնա» օտարազգի, որպեսզի օրենքը թույլատրի երեխային ուսանել օտարալեզու դասարանում:
Նա հարց բարձրացրեց, թե ի՞նչ են լինելու այս դասարանները, եթե բացվեն օտարալեզու դպրոցներ: Ըստ Գ. Արզումանյանի` այն փոխզիջումը, որ եղավ` 4-5-րդ դասարաններից սկսած օտար լեզուների ուսուցումը, բլեֆ է, քանի որ դա իրատեսական չէ: Ըստ բանախոսի` գործողության մեջ այն կիջեցվի մինչև առաջին դասարան` ըստ անհրաժեշտության:
Բանախոսն առաջարկեց այս հարցում շահագրգռված մարդկանց, կազմակերպությունների կողմից ստորագրահավաք կազմակերպել և արդյունքները ներկայացնել պատկան մարմիններին: