Օտարալեզու դպրոցների բացումը` «դավաճանություն». Հայրիկյանը պահանջում է Աշոտյանի հրաժարականը
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ օտարալեզու դպրոցների բացման մասին խոսակցությունները գույժ համարեց:
«Ես դա գույժ եմ համարում, որովհետև ավելի նողկալի բան, քան Հայաստանում հայոց լեզվի արհամարանքի դրսևորումն է, չէր կարող լնել: Բայց դրան հակադարձեց ողջ հանրությունը, նույնիսկ ռուսական կրթություն ստացած մարդիկ»,-ասաց Պ. Հայրիկյանը:
ԱԻՄ նախագահի խոսքով, այս ամենը հայոց լեզվի նկատմամբ ցուցադրական նսեմացնող վերաբերմունք է: Պ. Հայրիկյանը օտարալեզու դպրոցների բացումը պարզապես դավաճանություն համարեց:
«Ես հանրապետականներին կոչ եմ արել սահմանազատվել այդ նախաձեռնությունից, մեղքը բարդել ում վրա ուզում են, կարելի է: Բայց, ճիշտ կլինի, որ կուսակցությունը սահմանազատվի այդ նախաձեռնությունից ու պաշտոնանկ անի, հետ կանչի իր նշանակած նախարարին ու նորին նշանակի»,-ասաց ԱԻՄ նախագահը:
Ըստ Պ. Հայրիկյանի, եթե դպրոցների հարցը լուծվի և հաշվի չառնվի հասարակական հնչեղությունն ու հասարակության պահանջը, ապա այդ խնդիրը ստոր հետին նպատակներով է առաջնորդվում: Նրա խոսքով, օտարալեզու դպրոցներում ուսանած աշակերտների օգուտը երկիրը պետք է զգա միայն 10-15 տարի հետո, իսկ նման հեռահար նպատակներ, Պ. Հայրիկյանը նախաձեռնողներից չի սպասում:
Այդպիսով` ԱԻՄ նախագահը օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնությունը համարում է «գործակալական համակարգի ներկայացուցչի» նախաձեռնություն: