Մտավախություն կա, որ ադրբեջանցիները Եվրատեսիլում կարող են նորից անբարո խախտումներ անել
Այսօր կկայանա Եվրատեսիլ-2010 մրցույթի եզրափակիչ փուլը: Միջազգային այս մրցույթի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասն է` «Ծիրանի կորիզ» երգով:
Մրցույթին ոակտիվորեն արձագանքում են նաև բուքմեյքերական գրասենյակները: Ըստ նրանց գնահատկանների, Եվա Ռիվասը առաջատարների եռյակում է: Առայժմ, ըստ բուքմեյքերների խաղադրույքների, առաջին տեղում է ադրբեջանուհի Սաֆուրան, երկրորդ տեղում Գերմանիայի ներկայացուցիչը, երրորդը` Եվա Ռիվասը: Եռյակին հաջորդում են Իսրայելը և Թուրքիան:
Լրագրող, քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանի համոզմամբ, բուքմեյքերների խաղադրույքներով ձևավորված վարկանիշը միշտ չէ, որ օբյեկտիվ է:
«Ադրբեջանցիները հատուկ խաղադրույքներ են անում, որպեսզի բարձրացնեն իրենց երգչի վարկանիշը, ուստի ավելի ճիշտ է վստահել երաժշտական քննադատների և մրցույթը լուսաբանող լրագրողների ձևավորած վարկանիշներին: Վերջիններս մեր օգտին են»,-«Շանթ»-ի եթերում ասել է Երկանյանն ու հավելել, որ Եվա Ռիվասը մրցույթը լուսաբանող լրագրողների քվեարկությունների արդյունքում երկրորդ տեղում է և գերազանցում է ադրբեջանուհուն:
Ինչ վերաբերում է Եվրատեսիլում գումարների դերին, ինչին հաճախ է անդրադարձ լինում, ապա, ըստ Արտյոմ Երկանյանի, ցավոք, դեռ անցյալ տարի Ադրբեջանի կողմից արված խախտումները պատշաճ հետաքննության չենթարկվեցին: Հիշեցնենք, որ նախորդ տարի Բելառուսում լրագրողների կողմից կատարված հետաքննության արդյունքները ցույց էին տվել, որ Բելառուսի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները կաշառում էին այդ երկրի ուսանողներին, որպեսզի վերջիններս քվեարկեն ադրբեջանցի մասնակցի օգտին:
Բացի այդ, նրանց տեղափոխում էին Լիտվա և բաժանում էին լիտվական sim քարտեր, որպեսզի նրանք միաժամանակ քվեարկեն և´ բելառուսական և´ լիտվական քարտերով: Արդյունքում Ադրբեջանը Բելառուսում ստացավ 12, իսկ Լիտվայում 10 միավոր: Երկանյանը նաև ասել, որ «բելառուս մեր գործընկերները հայտնաբերել էին, որ այս գործի մեջ ադրբեջանցիները 55 մլն ռուբլի էին ներդրել: Այս ամենը ցավոք չհետաքննվեց: Մտավախություն կա, որ այս տարի դա կարող է կրկնվել»:
Ըստ Ա. Երկանյանի, ադրբեջանցիները մտահոգված են Եվա Ռիվասի բարձր վարկանիշով և փորձում են նրան վարկաբեկել: Ինչ վերաբերում է Սաֆուրային, ապա նա կարծես թե հաշտվել է այն մտքի հետ, որ հայ մասնակիցը իրենից առաջ է լինելու, և այս կապակցությամբ նա ասել է. «Ինձ համար կարևոր է, որ ես ինքս լավ հանդես գամ, և ես ուշադրություն չեմ դարձնի, թե ինչպես հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչը»»:
Ի դեպ, հետաքրքրական է ռուսաստանյան «Ինտեր Նովոստի» գործակալության թղթակից, մրցույթում հավատարմագրված լրագրող Եվգենի Նեմցովի մեկնաբանությունը. նա գրում է, որ վերջին օրերի ընթացքում լրագրողների ձևավորած վարկանիշի արդյունքում ադրբեջանուհի Սաֆուրան կտրուկ զիջել է իր դիրքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները