«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Այբ» կրթական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Վելիթյանը: Նշենք, որ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել է մարտի 18-ին:
Նա տեղեկացրեց, որ այս տարի «Կենգուրու» մաթեմատիկական խաղ-մրցույթի մասնակցել է 39 341 աշակերտ` Հայաստանի բոլոր մարզերի 902 դպրոցից:
«Այս ցուցանիշը 25%-ով ավելին է, քան նախորդ տարի»,- հավելեց նա:
Ա. Վելիթյանի խոսքով, այս անգամ «Կենգուրուի» առավելագույն նշաձողը ոչ ոք չհաղթահարեց, և բացարձակ հաղթողներ չեղան: Փոխարենը լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների թիվը գրեթե կրկնակի ավելացել է` կազմելով 191:
Նրա խոսքով, հունիսի առաջին կեսին «Այբ» կրթական հիմնադրամը լրացուցիչ մրցույթ է անցկացնելու լավագույն արդյունք ցուցաբերած և 12 տարին լրացած երեխաների միջև` նրանցից ընտրելու երկու «լավագույններից լավագույններին» և շնորհելու հաղթողների մրցանակները` ուղեգրեր դեպի եվրոպական երկրներից մեկում կազմակերպվող միջազգային ամառային ճամբար:
Բոլոր աշակերտները, անկախ վաստակած միավորներից, կստանան մասնակցության հավաստագրեր: Լավագույն 191–ը կարժանանան նաև պատվոգրերի և մրցանակների:
Այս տարի մրցույթի կազմակերպիչները սահմանել են նաև լրացուցիչ խրախուսական մրցանակներ նրանց համար, ում մի փոքր չի բավականացրել «լավագույն» ճանաչվելու համար, ինչպես նաև յուրաքանչյուր դպրոցում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտի համար: Այսպիսով, ամեն մի դպրոց կունենա առնվազն մեկ մրցանակակիր: Այս տարի ընդհանուր թվով 1452 աշակերտներ արժանանալու են մրցանակների:
Նա հայտնեց, որ «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները մայիսի 24-ից արդեն սկսել են շրջել Հայաստանի 31 քաղաքներով, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները: Մարզերում մրցանակաբաշխությունը անցկացվում է մայիսի 24-ից մինչև 31-ը ներառյալ, իսկ մայրաքաղաք Երևանում` մայիսի 29-ին և 31-ին:
Նշենք, որ «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: «Կենգուրուին» կարող են մասնակցել 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից. կարևորը երեխայի ցանկությունն է` փորձել իր ուժերը մաթեմատիկայում, նորովի նայել այս հետաքրքիր առարկային: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և առարկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել դպրոցականների համար: Հայաստանում այն անցկացվում է 2008-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան