Թբիլիսիի քաղաքապետի իշխանական թեկնածուն ստո՞ւմ է. Թբիլիսիում ընտրական տրամադրություններ են
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր առավոտյան ժամը 8:00-ից բացվել են ընտրական տեղամասերը և ընտրական գործընթացն սկսվել է: Թբիլիսիում իրավիճակը հանդարտ է` մարդիկ կամ գնում են ընտրատեղամաս` քվեարկելու, կամ եկեղեցի` մասնակցելու պատարագին, իսկ ոմանք էլ` իրենց գործերով: Ինչպես արդեն Panorama.am-ը տեղեկացրել է, քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 17 կուսակցություն և նախընտրական կուսակցական դաշինք, ինչպես նաև քաղաքապետի 9 թեկնածուներ: Թբիլիսցիներն ընտրում են քաղաքային խորհուրդ և քաղաքապետ: Այստեղ առաջին անգամ է քաղաքապետ ընտրվում ուղղակի ընտրությունների միջոցով, նախկինում քաղաքապետին ընտրում էր ավագանին:
Թբիլիսիի Բրոլոսանի փողոցի մանկապարտեզներից մեկում տեղակայված ընտրատեղամասում առավոտյան մարդաշատ էր` մարդիկ հերթ էին կանգնել քվեարկելու համար: Այստեղ քվեարկեց նաև ընդդիմության թեկնածու «Ալյանս՝ Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան: Նա լրագրողներին ասաց, որ իր տրամադրությունը բարձր է և հույս ոււնի, որ իր համար դրական ելք կունենան ընտրությունները: «Եղանակը շատ լավ է, ես լավատեսորեն եմ տրամադրված և ամեն ինչ լավ կվարտվի», -լրագրողներին ասաց Ալասանիան ու արագորեն լքեց ըտրատեղմասը: Նկատենք, որ նրա ղեկավարած կուսակցության համամասնական ցուցակում միայն մեկ հայ է ընդգրկված` այն էլ 56-րդ հորիզոնականում:
Այստեղ վրացիները նրա մասին ասում են, որ շփվող մարդ չէ ու չի սիրում հանրության առաջ խոսել:
Իշխանական «Ազգային Շարժում» կուսակցության թեկնածու գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավային, հակառակը, վրացիները բավականին շփվող մարդ են համարում և ասում են, որ նա Թբիլիսիի համար շատ բան է արել: Թբիլիսիի գործող քաղաքապետից հայ լրագրողներին հտաքրքրում էր մեկ հարց` ինչո՞ւ նրա ղեկավարած կուսակցության համամասնական ցուցակում հայեր չկան: «Իսկ ո՞վ ասաց, թե չկան, -զարմացած պատասխանեց Ուգուլավան ու անմիջապես էլ հավելեց, - կան և հայեր, և ադրբեջանցիներ»: Նա քվեարկության եկել էր իր չորս երեխաների հետ և լրագրողների հարցերին պատասխանելուց հետո շտապեց դուրս ընտրատեղամասից:
Նշենք, որ Թբիլիսիի հայկական ասամբլեայի համակարգող Առնոլդ Ստեփանյանն ավելի վաղ մեզ տեղեկացրել էր, որ իշխանական թեկնածու Ուգուլավայի ղեկավարած կուսակցության համամասնական ցուցակում ի տարբերություն ադրբեջանցիների, հայեր չկան: Այդ պատճառով էլ Թբիլիսիի հայկական ասամբլեան կոչ էր արել տեղի հայերին կուսակցական ցուցակները բոյկոտել և չքվեարկել դրանց օգտին:
«Քրիստոնեա-դեմոկրատական միության» կողմից առաջադրված թեկնածու Գիա Չանտուրիան, որն հայտնի է իր ադրբեջանամետությամբ, քվեարկության մասնակցեց Վաժա պշանելա փողոցում գտնվող դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Թբիլիսիի հայկական համայնքի համակարգող Առնոլդ Ստեփանյանը այս թեկնածուի վերաբերյալ ավելի վաղ ասել էր, թե նա ընդհանրապես արհամարել է և նախընտրական հանդիպում չի ունեցել տեղի հայկական համայնքի հետ: Panorama.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ նրա ցուցակում հայեր չկան, նա բավականին շփոթվեց ու ասաց. «Որպես քաղաքապետի թեկնածու ես մենակ եմ, այդ մասին հարցրեք դաշինքների ու կուսակցությունների ղեկավարներին»: Նկատենք, որ նա Ադրբեջանում Վրաստանի նախկին դեսպանն է եղել:
Այստեղ արդեն իսկ խոսում են ընտրախախտումների մասին, որոնք գրանցել են ոչ կառավարական հասարակական կազմաերպությոնները: Բայց դրանց մասին տեղեկություններ կփոխանցենք ավելի ուշ: