Առաջադիմական կուսակցությունը «Ամնիսթի Ինտերնեյշնլ»-ից պահանջելու է 1 մլն դոլար
Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունը պատրաստվում է դատարան դիմել հայցով ընդդեմ «Ամնիսթի Ինտերնեյշնլ» կազմակերպության: Այս մասին հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից:
« 2010թ-ի «զեկույց» կոչվածի մեջ այդ կազմակերպության անպատասխանատու «զեկույց» գրողները այնպիսի բացահայտ ստեր են գրել, որ կարելի է այդ առնչությամբ միմիայն երկու եզրակացություն անել` կամ նրանք անգրագետ ու անպարտաճանաչ են, և իրենց կատարած սխալի համար պետք է ներողություն խնդրեն, կամ միտումնավոր են «զեկույց» կոչվածի մեջ մտցրել աներևակայելի ստեր ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, որի համար ևս պետք է ներողություն խնդրեն:
Խոսքը վերաբերում է 2008թ-ին տեղի ունեցած միջադեպին, երբ հարբած Միկա Դանիելյանն ու իր ընկերները հետապնդեցին ու հարձակվեցին Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանի վրա, որը հարկադրված դիմել էր ինքնապաշտպանության` օդ արձակելով անգնդակ, դատարկ կրակոց: Մ. Դանիելյանը տվեց սուտ ցուցմունքներ, զրպարտեց ու ինքն իր մարմինը քերելով հայտնեց (դեռ չիմանալով փորձաքնության արդյունքները այն մասին, որ կրակոցն անգնդակ էր), թե կրակոցից բեկորային վնասվածքներ է ստացել:
Գործունեության ողջ ընթացքում մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Տ. Ուրիխանյանի հանդեպ խուլիգանական արարքներ գործած իբր իրավապաշտպան Դանիելյանը չդատապարտվեց և այսօր ազատության մեջ է, իսկ վերը նշված կազմակերպությունը իրականությանը հակառակ բացարձակ ստեր է գրում, ճիշտ այնպես, ինչպես ամբողջ այդ «զեկույց» կոչվածում մեր երկրին վերաբերող մնացած թեմաներով նյութերում:
ՀԱԿ-ը դատարանում պահանջելու է պատասխանատվության ենթարկել այդ ինչ-ինչ քաղաքական շահեր սպասարկող «Ամնիսթի Ինտերնեյշնլ»-ին և պահանջելու է 1.000.000 դոլարի չափով բարոյական վնասի հատուցում»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ: