Քաղշիննախարարության գործն ու խոսքը չե՞ն համընկնում
Քաղաքաշինության նախարարության ներկայացրած թվերի համաձայն` 2009թ-ին նախատեսված դպրոցների հիմնանորոգման կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Սակայն այս թիվը բավականին զարմացրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին, քանի որ, նրա պնդմամբ, այն դպրոցները, որոնք պետք է հիմնանորոգվեին ու ավարտին հասցվեին 2009թ-ին, դեռ ընթացքի մեջ են շարունակվում:
«Խոսեմ կոնկրետ Երևանի չորս ավագ դպրոցների մասին: Այդ դպրոցներում կասեցումից հետո նախատեսվել էր 230 .8 մլն դրամ, բայց ծախսվել է 145 մլն դրամ: Բացի այս, կան դեպքեր, երբ դոււք պնդում էիք, որ դպրոցների հիմնանորոգումն ավարտված է, բայց այդ նույն դպրոցների տնօրենները տեղեկացնում էին, որ դպրոցներում տիրող վիճակը պարզապես խայտառակ է»,- դիմելով քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին` տեղեկացրեց պատգամավորը:
Այլ կերպ ասած տիկին Բախշյանը պնդեց, որ նույնիսկ այն դպրոցներում, որտեղ նշվում է նախարարության կողմից ու անգամ համապատասխան հաշվետվություն ներկայացվում , թե հիմնանորոգումն ավարտված է, նման բան չկա.
«Հետևաբար այս 99.5 տոկոսը շատ կասկածելի է»,- տեղեկացրեց նա ու ավելացրեց, որ նմանատիպ փաստերը իր ձեռքի տակ շատ են:
Նախարարը տեղեկացրեց` դպրոցների հիմնանորոգման ծրագրով 2009թ-ին պետական բյուջեով նախատեսված 6 մլրդ 895 մլն դրամի շրջանակում կնքվել է 135 օբյեկտների վերաբերյալ պայմանագրեր, որից 44-ը միայն Երևանում: Եվ աշխատանքներն ավարտված են եղել ընդհանուր թվի 50 օբյեկտներում . «Ծրագիրն իրականացվել է, նորից եմ կրկնում, 99.5 տոկոսով »,- ասաց Վ.Վարդանյանը:
Ըստ նրա, թերացման պատճառը եղել է շինարարի անորակ աշխատանքը, որի պատճառով, օրինակ, Երևանի թիվ 24, 99 և 192 դպրոցներում հիմնանորոգման աշխատանքները մինչև վերջ չեն իրականացվել. «Նախարարությունը դրա պատճառով պայմանագիրը խզել է, արդյունքում չի իրացվել 11 մնլ 300 հազար , 5 մլն 500 հազար և 16 մլն 500 հազար գումար»:
Տեղեկացրեց նաև, որ այդ նույն դպրոցներում հիմա մրցույթ է հայտարարված և այս տարի հիմնանորոգման աշխատանքները շարունակվելու են: Իսկ ինչ վերաբերում է այսքան թերացումներին ու միաժամանակ ներկայացված 99.5 տոկոսի կատարողականին, ապա, ըստ քաղշին նախարարի, նախարարությունը նկատի ունի, որ աշխատանքներն ավարտված են փուլային հատվածով. «Մենք այդ աշխատանքները կատարել ենք և համարում ենք կատարված» ,- հավելեց նա: